Արևմուտքը ամեն ինչ անում է, որպեսզի Հայաստանն ու Ադրբեջանը ստորագրեն ինչ-որ թուղթ և ստորագրեն ինչքան հնարավոր է արագ՝ այդ քայլով Ռուսաստանի հեղինակությանը հարված հասցնելու համար։ Իսկ ամենաիդեալական տարբերակը նրանց համար այն է, որ Ռուսաստանը ընդանրապես դուրս մղվի այդ տարածաշրջանից։ Նման համոզմունք հայտնեցին ռուս փորձագետները՝ “Ռուսաստանն այսօր” մեդիահոլդինգի մամուլի կենտրոնում կազմակերպված քննարկման ժամանակ, որը նվիրված էր Փաշինյան-Ալիև քիշինևյան հանդիպմանը։
Ալեքսեյ Մուխինի կարծիքով, ռուսական ռազմաբազայի դուրս բերումը Հայաստանից, որը հայկական կողմը ներկայացվում է որպես աղետ Ռուսաստանի համար, ավելի մեծ աղետ է լինելու Հայաստանի համար, քանի որ, ըստ նրա, այդ ռազմական բազայի փոխարեն, տեղակայվելու է ՆԱՏՈ-ի ռազմաբազան, իսկ դա նշանակում է Թուրքիայի ազդեցության մեծացում Հայաստանի վրա և Հայաստանի հետագա հակաիրանական դիրքորոշում։

“Այդ հանդիպումն անցավ եվրոպական ոճով, իսկ եվրոպական ոճը հետևյալն է՝ եկեք պայմանավորվենք այն մասին, թե ինչի մասին ենք պայմանավորվելու հաջորդ անգամ։ Դա շատ հարմար ոճ է եվրոպական կողմի համար, քանի որ նրանք սկզբունքորեն՝ իրենց վրա չվերցնելով ոչ մի տեսակի պատասխանատվություն գործընթացի համար, համարվում են գործընթացի ակտորներ։ Եվրոպաական քաղաքականության մեջ դա նորմալ է, բայց նման մեթոդով անհնար է լուծել խնդիրը։ Ակընհայտ է, որ այդ հարթակներում դոմինանտ է ադրբեջանական կողմը և պասիվ-ագրեսիվ վիճակում է հայկական կողմը։ Փորձեմ բացատրել, թե ինչու է դա տեղի ունենում։
Որպեսզի իրոք կնքվի խաղաղության պայմանագիր, անհրաժեշտ են իրական հիմքեր։ Նման հիմքեր այս պահին չկան։ Մենք տեսնում ենք կողմերի արհեստական մերձեցում այն նպատակով, որպեսզի նրանք ինչ-որ բան ստորագրեն։ Եվ բոլոր կողմերը, իհարկե հետաքրքրված են, որ ինչ-որ բան ստորագրվի։
Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման փորձերը նույնպես մտածելու տեղիք են տալիս, քանի որ Ցեղասպանության խնդիրը ոչ ոք չի մոռացել, այն մինչև հիմա հայ հասարակության մեջ շատ սուր կերպով է ընկալվում, իսկ երբ Նիկոլ Փաշինյանը իրեն պահում է այնպես ինչպես պահում է Էրդողանի հետ, դա հուզումներ է առաջ բերում հայ հասարակության մեջ։
Կա նաև հայկական Սփյուռքը, որը նույնպես ցավոտ է վերաբերվում այդ հարցին։ Հայ հասարակության մեջ կա հատված, որը պատրաստ է հեռանալ հայրենիքից, կա հատված, որը ոչ մի պայմանով չի ցանկանա դա անել, այդ թվում՝ Ղարաբաղում ապրող հայերը, քանի որ նրանք կառչած են իրենց հողին։ Եվ այս խնդիրների ողջ շղթան պատի պես կանգնած է կողմերի միջև։ Եվ ես տպավորություն ունեմ, որ եթե նույնիսկ ստորագրվի այդ թուղթը, այն միևնույն է չի բերելու խնդրի ամբողջական լուծմանը։ Խնդիրները կարող են մի պահ նստվածք տալ, հանդարտվել, սակայն հետո կրկին պայթելու են նոր հակամարտությունների շղթայի տեսքով”,- համոզմունք հայտնեց Մուխինը։

“Այս ամբողջ պատմության մեջ կա մեկ ընդանուր սխալ և այդ սխալն այն է, որ կողմերը չեն տարբերակում “Խաղաղաության պայմանագիր” թուղթը իրական խաղաղություն իրավիճակից։ Ռուսաստանի լոգիկան այդ հարցում 2020 թվականից սկսած կայանում է նրանում է, որ երկու հասարակություններին պետք է նախապատրաստել խաղաղության։ Այսինքն՝ վճռել այն հարցերը, որոնք այս պահին սուր քաղաքական ենթատեքստ չունեն, բացել հեռահաղորդակցության ճանապարհները, լուծել հումանիտար խնդիրները։ Հայաստանը, Նիկոլ Փաշինյանի խոսքերով պատրաստ է ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը պայմանով, որ ապահովված կլինեն Ղարաբաղի ազգաբնակչության անվտանգությունն ու իրավունքները։ Ի՞նչ է նշանակում անվտանգության և իրավունքների ապահովվում։ Հիմա բոլորը սկսել են մոռանալ, սակայն ոչ վաղ անցյալում մենք ունեինք այսպես կոչված Մինսկի համաձայնությունները, որտեղ արձանագրված էր և տարածքային ամբողջականության հարցը, և սահմանների վերահսկողության հարցը, և իրավունքների, և անվտանգության հարցերը ու նաև շատ այլ հարցեր։ Եվ, նույնիսկ, կար ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի բանաձև, որը ընդունվել էր Մինսկի համաձայնագրին միջազգային իրավունքի բարձրագույն կարգավիճակ տալու համար։ Եվ ինչպես տեսնում ենք՝ ոչինչ տեղի չունեցավ, այնպես որ “Խաղաղության պայմանգրի” հետ հույսեր կապելը միամտություն է։
Ռուսաստանի դուրս բերումը հակամարտության կարգավորման գործընթացից, նշանակում է այն, որ Ռուսաստանը դժվար թե կարողանա իր ներկայությունը պահպանել այդ տարածաշրջանում, իր ռազմաբազան և դաշնակցային հարաբերությունները Հայաստանի հետ նույնպես։ Կարծում եմ, Մոսկվայում շատ լավ են հասկանում, թե ինչ է դրված խաղասեղանին։
Եվ պետք է նշել, որ եթե մեզ կողմերի հանդիպումից հետո հայտնում են, որ լավ հող է նախապատրաստվել հաջորդ հանդիպման համար, ապա պետք է հասկանալ, որ այդ բանակցություններն արգելքի են դեմ առել, հանգուցալուծման չեն գնում։ Եվ հաջորդ հարցը, որը պետք է տանք այսօր այն է, թե կլինի՞ արդյոք ռազմական ճնշում Հայաստանի վրա՝ բանակցությունների հաջորդ փուլին նախորդող”,- կարծում է МГИМО -ի փորձագետ Նիկոլայ Սիլաևը։
Նորգույն պետությունների միջազգային ինստիտուտի տնօրեն Ալեքսեյ Մարտինովն էլ կարծում է, որ եթե հնարավոր լիներ արցախյան հակամարտությունը լուծել երկու հիմնական հիմնաքարեր՝ երկարաժամկետ ու արդարացի նախապայմանները հաշվի առնելով և առանց Ռուսաստանի մասնակցության, ապա վաղուց արդեն այն լուծված կլիներ։

“Ադրբեջանը ի վիճակի չէ տալու երաշխիքներ, որ Ղարաբաղի ազգաբնակչության անվտանգությունն ու իրավունքները կպահպանվեն։ Եթե նա ի վիճակի լիներ, ապա վաղուց տված կլիներ։ Նման խոսակցություններ տարբեր ժամանակահատվածներում եղել են անհամար անգամներ։ Ի դեպ, ոչ միայն վերջին երեսուն, այլ երեք հարյուր տարվա ընթացքում։ Վերցնենք պարսկական ժամանակահատվածը: Եվ միայն 1813 թվականին՝ Գյուլիստանի խաղաղության պայմանագրի ստորագրումից հետո, երբ պարսիկները հանձնեցին այդ հողերը Ռուսաստանի պատասխանատվությանը, այդ տարածաշրջանում պայմանական խաղաղություն հաստատվեց”,-եզրափակեց իր միտքը Մարտինովը։
