8
Июль

Մեկ օր Մոսկվայի “Կուսկովո” ագարակում

Share
0
Comment
696 views
5 sec
NarMedia

“Կոսկովո” ագարակը, որի մասին պատմելու ենք այսօր, գտնվում է Մոսկվայի արևելյան թևում։ Այն 300 հարյուր տարի շարունակ պատկանել է Ռուսական կայսրության ամենահարուստ ու ազդեցիկ տոհմերից մեկին՝ Շերեմետևներին։

Մոսկվայում ամեն տարի ամառամուտին անցկացվում է փառատոն, որը կոչվում է “Усадьбы Москвы”, թարգմանաբար կստացվի՝ մոսկովյան կալվածքները, կամ ավելի դիպուկ՝ մոսկովյան ագարակները։ Փառատոնը ձգվում է մինչև սեպտեմբերի վերջ, որի շրջանակներում անցկացվում են բազմաթիվ թեմատիկ բնույթի միջոցառումներ։  

Ռուսաստանի մայրաքաղաքը հարուստ է նման անցյալդարյան կալվածքներով, որոնք հրաշալի պահպանվել են, վերականկանգնվել ու այսօր հանդիսանում են քաղաքաբնակների ու տուրիստների սիրելի հանգստի վայրերը։

Պետք է արձանագրել, որ այդ անծայրածիր կալվածքները գտնվում են պետության հոգածության ու պահպանության ներքո և ասենք, օրինակ, Կուսկովոյի 311 հեկտար շքեղ անտառային այգու տարածքի վրա, չեք հանդիպի առևտրային կետեր կամ զվարճանքի վայրերի։ Կա միայն մեկ փոքրիկ սրճարան, որտեղ հոգնած այցելուները կարող են հագեցնել քաղցը։

Շերեմետևների մասին առաջին հիշատակումը ռուսական պատմության մեջ 14-րդ դարում է։ Պրուսիայի Դանցիգ քաղաքից Ռուսաստան է ժամանում հարուստ ազնվական Գլանդա Կամբիլան, որին բարեհամբյուր ընդունում են ռուսական պալատում։ Նա կարճ ժամանակում կայուն դիրք է գրավում վերնախավում և նրա տոհմածառից ծնունդ են առնում երկու՝ ռուսական պատմության մեջ փառահեղ հետագիծ թողած ընտանեկան ճյուղեր՝ Ռոմանովները և Շերեմետևները։ Շերեմետ թուրքերեն բառ է, նշանակում է՝ արագընթաց, ճկուն։

Սակայն, իրական փառքը և աննկարագրելի հարստությունն ու ազդեցությունը,  Շերեմետևների տոհմը ձեռք է բերում այն ժամանակ, երբ գահ է բարձրանում Պյոտր Առաջինը, ում ամենավստահելի և տաղանդավոր զինակիցներից էր Բորիս Շերեմետևը։

Բորիս Շերեմետևը ցարից նվեր է ստանում կոմսի տիտղոս և մի փոքրիկ, մի կտոր՝ կուսոկ կալվածք։ Ահա այդտեղից էլ ծագել է Կուսկովո բառը։ Նրա որդին, Պյոտր Շերեմետևը, որը  հոր մահից հետո՝ 1719 թվին ժառանգում է կալվածքը, ամուսնանացած է լինում Ցարական Ռուսաստանի պետքարտուղար Ալեկսեյ Չերկասսկու միակ դստեր՝ Վառվառայի հետ։ Չերկասսկիների լայնածավալ կալվածքը գտնվում էր Շերեմետևների հողակտորի հարևանությամբ և այդ հաջող ամուսնության արդյունքում հողատարածքը վերածվում է անծայրածիր կալվածքի։ Պյոտր Շերեմետևը լայն շինարարություն է սկսում, որը տևում է մոտ քսան տարի։ Բացի գլխավոր պալատը, տարածքում կառուցվել և հասել են մինչև մեր օրեր տասից ավելի տարբեր ճարտարապետական ոճերի շինություններ և եկեղեցի։

Զվարճալի բնույթի ճոխ տոնախմբությունների ու ընդունելությունների համբավը, որոնք շաբաթը երկու անգամ պարտադիր  հաճախականությամբ կազմակերպվում էին Շերեմետևների ագարակում, հասել էր մինչև Եվրոպա։ Այստեղ հյուրընկալվել են Եկատերինա Երկրորդ կայսրուհին, Իոսիֆ Երկրորդ կայսրը, Լեհաստանի թագավոր Ստանիսլավ Պանիտովսկին և ռուսական ամբողջ վերնախավը։ Մեկ ընդունելության ընթացքում մոտ 30 հազար հյուր է կարողացել տեղավորվել ու զվարճանալ ագարակի տարածքում։

Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո Շերեմետևներին պատկանող հսկայածավալ հարստությունը բռնագանձվում է։ Տոհմի վերջին ներկայացուցիչը՝ Սերգեյ Շերեմետևը բոլշևիկներին է հանձնում Մոսկվայում և Սանկտ-Պետերբուրգում գտնվող թվով՝ 26 բոլոր պալատները, հողատարածքներն, արժեթղթերն ու շատ մեծ ծավալի արվեստի նմուշների հավաքածու։ Կա տեղեկություն այն մասին, որ երբ զինված բոլշևիկները ներխուժում են պետերբուրգյան պալատ և Սերգեյից պահանջում հանձնել ունեցած զենքը, նա հանգիստ ուղեկցում է նրանց տոհմական Զինաթանգարան ու հարցնում՝ “Ո՞ր դարի զենքերն են ձեզ հատկապես անհրաժեշտ”։

Սերգեյ Շերեմետևը մահացել է Մոսկվայի Վոզդվիժենկա փողոցում գտնվող իր երբեմնի առանձնատանը, որի վերևի հարկում նրան մի փոքր սենյակ էին հատկացրել բոլշևիկները՝ հանրակացարանի վերածելով շերեմետևյան ամբողջ հոյակերտ պալատը։