Մոսկվայի հայկական թատրոնի պատմության մեկնարկային ամսաթիվ է նշվում 1922 թվականի մայիսի 31-ը։ Այդ օրը, Մոսկվայի Հայկական նրբանցք թիվ 2 հասցեյում գտնվող Լազարյանների լեգենդար առանձնատան պատերի ներսում տեղեկայված թատրոնում, կայանում է առաջին՝ “Վարդերի մարգագետին” ներկայացումը, որի բեմադրիչն էր Արամ Խաչատուրյանի եղբայր Սուրեն Խաչատուրյանը։
Ի դեպ, հայկական թատրոնի կայացման ակունքներում կանգնած էր Կոնստանտին Ստանիսլավսկին, ով ժամանակին աշակերտել էր Լազարյանների հիմնադրած մեծահռչակ Արևելյան լեզուների ինստիտուտում։
Հիմնադրմանը հաջորդած ժամանակահատվածում՝ թատրոնի նոր ձևավորված խաղացանկի առաջատար ներկայացումների թվում էին “Բաղդասար ախպարը”, “Ատամնաբույժն արևելյան”, “Մեծապատիվ մուրացկաններ” “Պեպո” և “Խաթաբալա” պիեսների բեմադրությունները։ Թատրոնը, որը գործում էր Խորհրդային Հայաստանի մշակութային տանը, ինչը հեղափոխությունից հետո փոխարինելու էր եկել Լազարյանների հիմնած Արևելյան լեզուների ինստիտուտին, փակվում է 1953 թվականան, Իոսիֆ Ստալինի մահից հետո, երբ լիկվիդացնում են Խորհրդային Հայաստանի մշակութային տունը։
Լազարյանների մեծանուն տոհմի մասին առավել մանրամասն կարող եք ծանոթանալ վավերագրական եռագրության մեջ, որը կգտնեք այս կայքում՝ «Բազմազգ Ռուսաստան» խորագրի տակ։
Ինչպես հայտնի է, Տիեզերքի ավազե ժամացույցը կանգ չի առնում ոչ մի վարկիան և նրա հոսքը հասցնում է Լազարյանների առանձնատունը ետխորհրդային ժամանակահատված։ 1992 թվականին փառահեղ այդ շենքը հանձնվում է նորանկախ Հայաստանի Հանրապետությանը, որպես դեսպանատուն։
2010-ը թվականին ՌԴ-ում ՀՀ դեսպան է նշանակվում Օլեգ Եսայանը, ով այդ պաշտոնում թվով հինգերորդ դիվանագետն էր, եթե չհաշվենք ամենաառաջինին՝ Ֆելիքս Մամիկոնյանին, ով ժամանակավոր պաշտոնակատար էր համարվում։ Ճակատագրի, թե պնդաճակատության հեգնանքով, ստացվում է այնպես, որ Լազարյանների մեծախորհուրդ պատերի ներսում, 57 տարի անց կրկնվում է նույն պատմությունը՝ նորանշանակ դեսպան Օլեգ Եսայանի առաջին հրամաններից մեկը լինում է այն, որ ՀՀ դեսպանատանը գործող Մշակութային տունը, այդ թվում նաև 2002 թվականից այնտեղ վերաբացված Մոսկվայի հակակական թատրոնը պետք է դադարեցնեն իրենց գործունեությունը։
Ինչպես կասեր մեր ժամանակի դասականը, մուրճն էլ, մեխն էլ դեսպան Եսայանի ձեռքում էր։ Դեսպանը հայտարարաում է, որ “լուրջ քաղաքական միավոր հանդիսացող ՀՀ դեսպանատանը չպետք է երգ ու պար լինի” և մեկ ստորագրությամբ վերջակետ է դնում դեսպանատան Մշակութային կենտրոնի կյանքի ընթացքին։
Ի դեպ, Մոսկվայի հայական թատրոնի իրավաբանական հիմնադիրներ են հանդիսանում ՌԴ-ում ՀՀ դեսպանատունը և հայտնի մոսկվայաբնակ իրավաբան, Մոսկվայի Իրավաբանների միության նախագահ Մանուկ Շամիրովը։
Ստանալով դեսպան Եսայանի հրամանը, թատրոնի հիմնադիր և գեղարվեստական ղեկավար Սլավա Ստեփանյանը, ժամանակ է խնդրում դեսպանից՝ տարածքից դուրս գալու համար, սակայն, վերադառնալով հյուրախաղերից ականատես է լինում զարհուրելի տեսարանի՝ թատրոնի ողջ գույքը ջարդուփշուր արված ու փողոց թափված է լինում։
Թատերախմբի հետագա դեգերումների և անցած ուղղու մասին առավել մանրամասն կարող եք լսել Սլավա Ստեփանյանի հետ հարցազրույցում։
Ավելացնենք միայն, որ ՌԴ-ում ՀՀ դեսպանատան Մշակութային կենտրոնը վերաբացեց Օլեգ Եսայանին հաջորդած դեսպան Վարդան Տողանյանը։ Դեսպան Տողանյանը ոչ միայն վերաբացեց Մշակութային կենտրոնը, այլ նաև տարածքում լայնածավալ վերանորոգողական աշխատանքներ կատարվեցին։
Մոսկվայի հայկական թատրոնը, սակայն, դեռ տուն չի վերադարձել։ Այն այսօր գործում է Արա Աբրահամյանի ղեկավարած Ռուսաստանի Հայերի Միության շենքում և Սլավա Ստեփանյանի խոսքերով, մեղք կլինի, եթե առաջիկայում Մոսկվայի հայկական թատրոնը չվերադառնա տուն՝ Լազարյանների մեծախորհուրդ արվեստի օջախ։
Նաիրա Բաղդասարյան