“Մեր այսօրվա ընթրիքը պատրաստեցի մեր աճեցրած բանջարեղեններով”, — ֆեյսբուքի իր պաշտոնական և անձնական էջերում գրել ու ախորժալի լուսանկարնրով համեմված՝ հրապարակում է կատարել ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը։
Տիկին Հակոբյանի գրառումը սոցիալական ցանցերի ոճին համահունչ՝ զուտ կենցաղային մի դրվագի հանրայնացում է այն մասին, թե ինչպիսի՝ զուտ տան տիկինական առօրյայով է ապրում Հայաստանի առաջին դեմքի տիկինը։
Հիշյալ գրառումը ցուցանում է, թե՝ ժողովուրդ ջան, ականջ արեք՝ անկախ այն իրողությունից, որ տիկին Աննան կարմիր գորգերի վրայով է քայլում՝ պատվո պահակախմբերի վիվատի ներքո, միևնույն է, նա մնում է մեզանից մեկը՝ օջախի բան ու գործով է զբաղված, բերք է մշակում, հավաքում, իր ձեռքով ընթրիք է պատրաստում իր հոգսաշատ այրի՝ վարչապետի տունդարձին ընդառաջ։ Աշնան բերան էլ զակատները կպտտացնի ու ղավուրմայի յուղը կհալի։
“Ինչպիսի հասարակ, հովվերգական ու հայեցի կենսակերպ է վարում տիկին Աննան”,- խոհանոցում սուրճ փռթացնելով՝ մտածում է ականջը ֆեյսբուքից կախ արած լսարանը, որին նման նուրբ ուժով ստիպում են մոռանալ այն մասին, որ Արցախի Աղաբեկալանջ գյուղում գոյատևող Վերա Նարիմանյանը, ով մեկ շաբաթ առաջ թաղեց իր երկու մանկահասակ երեխաներին, ճիշտ նույնպիսի հայկական նիստ ու կացով ապրող մի հայ կին է, ինչպիսին տիկին Աննան է և, որ Վերան, նույնպես, ամեն երեկո ընթրիք էր պատրաստում կամ չեղած “ձեթ ու պեսոք” հայթայթելով՝ ձգտում էր ընթրիք պատրաստել՝ իր երկու սովալլուկ ու վաղամեռիկ երեխաների համար։
Վերևում նշեցի, որ տիկին Աննան իր գրառումը հրապարակել է և իր պաշտոնական, և իր անձնական էջերում։ Ենթադրում եմ, չէ՝ համոզված եմ, որ ՀՀ վարչապետի տիկնոջ պաշտոնական էջը, ուշադրության տակ են պահում և կարդում են ոչ միայն շուկայից լոբի ու բամյա գնող և աշնանամուտի զակատ պատրաստող հայ կանայք, այլ նաև՝ ուրիշ թագավորություններում ապրող Առաջին տիկնայք և այդ Առաջին տիկնանց ամուսիններին ծառայող հատուկ կառույցներ և կազմակերպություններ։
Եվ ահա ես՝ Ֆրանսիայի Առաջին տիկինս, որ առիթ եմ ունեցել շփվելու մսյո Փաշինյանի տիկնոջ՝ Աննայի հետ, հանկարծ տիկին Աննայի էջում կարդում եմ լուսառատ ու հովվերգական գրառում՝ ընտանեկան ընթրքին նվիրված և չեմ կարդում ոչ մի բառ այն մասին, որ տիկին Աննայի երկրում ապրող երիտասարդ մի կին մեկ շաբաթ առաջ թաղել է իր երկու սովալլուկ զավակներին, որոնք սպիտակ ցեղասպանության վառ օրինակն են։
“Իսկ ի՞նչ կարող է անել ձեզ համար Ֆրանսիան՝ նման իրականության պայմաններում, իմ հայ բարեկամներ”, — մտածում եմ ես՝ Ֆրանսիայի Առաջին տիկինս, ֆեյսբուքի էջը փակելով։