«Հայաստան» Համահայկական Հիմնադրամը՝ 2022 թվականի դեկտեմբերի 28-ին կնքված դրամաշնորհային պայմանագրի շրջանակներում, Հայաստանի Ազգային «Կինոկենտրոնին» է փոխանցել 21,469,183 ՀՀ դրամի չափով գումար՝ Ֆրունզե Դովլաթյանի “Բարև, ես եմ” ֆիլմի թվայնացման և վերականգնման աշխատանքները իրականացնելու նպատակով։ Ֆիլմը այս ներկայացվել է Կաննի կինոփառատոնում։
Հարցադրումներն առ այն, թե փաստացի ի՞նչ աշխատանքներ են իրականացվել այդ զգալի գումարի շրջանակներում և ո՞ր երկրում են կատարվել այդ աշխատանքները, պատասխան չունեն։
Տրամադրված գումարի կոնկրետ չափի մասին՝ ի պատասխան մեր հարցման, հայտնում է “Հայաստան” Համահայկական Հիմնադրամի տնօրեն Հայկակ Արշամյանը, ով Հանրային Ռադիոյի “Մոռացված ֆիլմերի ստվերները” հաղորդաշարի (06/07/2023) շրջանակներում, նշում է բոլորովին այլ չափի գումարի մասին՝ ասելով․ «Հիմնադրամը, կարևորելով «Կինոկենտրոնի» նախաձեռնությունը՝ հիշյալ ֆիլմը թվայնացնելու հարցում, որոշում է կայացրել ֆինանսավորել գործընթացը և դնել բավականին լուրջ գումար՝ 25 միլիոն դրամի մասին է խոսքը», — այդ հաղորդման մեջ իր խոսքում բառացիորեն ասում է Արշամյանը։
Հարցման պատասխաում պարզաբանելով տրամադրված դրամաշնորհի չափի հիշյալ անհամապատասխանությունը, Արշամյանը գրել է, թե փաստացի կատարված աշխատանքների արդյունքում՝ «Կինոկենտրոնին» տրամադրված գումարը նվազել է ու հետագայում «Կինոկենտրոնը» Հիմնադրամին է վերադարձրել 3, 578,197, 2 դրամ։ Վերադարձրե է, թե՞ ոչ, կարող է պարզել միայն նախագծի հաշվետվության բաց հրապարակումը, որը, ցավոք, «Կինոկենտրոնը» անել չի պատրաստվում։
ՀՀ Մշակույթի նախարարությունն իր հերթին՝ թեմային առընչվող հարցմանն ի պատասխան նշել է, որ․ «Հայաստանի ազգային կինոկենտրոն» ՊՈԱԿ-ը «Հայաստան» Համահայկական Հիմնադրամից ստացել է 21 469 000 ՀՀ դրամ աջակցություն» և արձանագրել է, թե 2022 թվականի վերջին, Ռուսաստանի Դաշնության «Գոսֆիլմաֆոնդ» կազմակերպության և «Հայաստանի ազգային կինոկենտրոն» ՊՈԱԿ-ի միջև կնքված պայմանագրի հիմքով, «Գոսֆիլմաֆոնդի» կողմից իրականացվել է «Բարև, ես եմ» ֆիլմի սկանավորում՝ 4 K (DPX, 10 bit, առանց գունանշման) ֆորմատով, որն անհրաժեշտ է եղել Կաննի միջազգային կինոփառատոն ներկայացնելու համար, և որի համար կինոկենտրոնը կատարել է համապատասխան վճարում:
Սակայն, խնդիրը նրանում է, որ 2021 թվականին ՌԴ Կինոֆիլմերի պահպանման պետական ֆոնդը՝ “Գոսֆիլմաֆոնդը”, ՌԴ-ում իրականացվող «Культура» ազգային նախագծի շրջանակներում արդեն վերականգնել է “Բարև, ես եմ” ֆիլմը ամբողջությամբ՝ DPX 10 bit ֆորմատով։ Ֆրունզե Դովլաթյանի “Բարև, ես եմ” ֆիլմի օրիգինալ ժապավենը պահվում է ՝ «Գոսֆիլմաֆոնդում»։
Ի պատասխան մեր պաշտոնական հարցման, թե ի՞նչ նպատակով է Հայաստանի «Կինոկենտրոնի» պատվերով կրկնակի անգամ սկանավորվել ու վերականգնվել «Բարև, ես եմ» ֆիլմը, եթե այն արդեն սկանավորված ու թվայնացված էր, «Գոսֆիլմաֆոնդը» հայտնում է, որ Հայաստանի Ազգային «Կինոկենտրոնի» պատվերով, իրենք վերջինիս են տրամադրել ֆիլմի սկանավորված նյութի ՊԱՏՃԵՆԸ, այլ ոչ թե կատարել են կրկնակի աշխատանք։
«Госфильмофонд России не располагает сведениями о «повторном сканировании и восстановлении» фильма Ф. Довлатяна «Здравствуй, это я». Восстановление кинопленки является обязательной процедурой хранения киноматериалов. По заказу Национального Киноцентра Армении была изготовлена копия отсканированного материала».
«Գոսֆիլմաֆոնդի» և ՀՀ Մշակույթի նախարարության պատասխանների անհաամապատասխանությունից, կարելի է ենթադրել միայն մեկ բան՝ կամ ՀՀ Մշակույթի նախարարությունը չի տիրապետում հստակ տեղեկատվությանը, կամ փորձում է թյուր տեղեկատվություն տրամադրել լրատվամիջոցին, քանի որ «Գոսֆիլմաֆոնդը», որպես օտարերկրյա պետական գերատեսչությանը առևտրային ծառայություն մատուցած կողմ՝ դժվար թե թյուր տեղեկատվություն տրամադրի որևէ լրատվամիջոցի։Ինչևէ։
Ստացվում է, որ Ազգային Կինոկենտրոնը ընդամենը պատվիրել ու ստացել է արդեն պատրաստ ժապավենի տարբերաակը «Գոսֆիլմաֆոնդից»։ Այդ դեպքում որտե՞ղ է ծախսվել Հայաստան Համահայկական «Հիմնադրամի» կողմից «Կինոկենտրոնին» տրամադրված 21,469,183 ՀՀ դրամը։
2023 թվականի մայիսի 12-ին Առաջին ալիքի առավոտյան եթերում Ազգային «Կինոկենտրոնի» տնօրեն Շուշանիկ Միրզախանյանը՝ պատմելով, թե ինչ մեծ բարդություններ են հաղթահարվել՝ հիշյալ ֆիլմը Կաննի կինոփառատոն ներկայացնելու համար, ասում է բառացիորեն հետևյալը․
«Ասեմ, որ անցյալ տարվա վերջից սկսվեց բանակցությունները «Գոսֆիլմաֆոնդի» հետ, քանի որ ժապավենը նեգատիվ պահվում է Ռուսաստանում և արդեն էնտեղ սկանավորվեց։ Քանի որ ֆիլմը նկարահանվել է և հայերեն, և ռուսերեն լեզուներով, ռուսերեն ձայնի սկանինգը եղավ Ռուսաստանում, իսկ հայերենը արդեն արվեց այստեղ՝ Հանրային հեռուստաընկերության օգնությամբ։ Եվ ընտրվեց այն կազմակերպությունը, որը պետք է վերականնգնողական ամբողջ աշխատանքները աներ՝ լատվիական կազմակերպություն․․․ քանի որ իրենք փորձ ունեին Կաննի փառատոնի հետ աշխատել էին․․․»,- ասում է տիկին Միրզախանյանը։
Նշենք որ, կինոժապավենի մեկ կադրի՝ նշված ֆորմատով թվայնացումը, «Գոսֆիլմաֆոնդը» կատարում է մոտավորապես 3 ռուբլիով՝ կախված պատվերի ձևից (ֆիզիկական, թե իրավաբանական մարմնի դիմում)։ «Բարև, ես եմ» ֆիլմը ամբողջական՝ 2 ժամ 15 րոպե է և կազմում է մոտ 2765 կադր։ «Գոսֆիլմաֆոնդի» ֆիլմի վերականգնմանը վերաբերող ակտային փաստաթղթում նշված է կադրերի հենց այդ քանակը և գրված է, որ ժապավենը բաղկաացած է 14 մասից, որոնցից յուրաքանչյուրը 9 րոպե։ Ֆիլմը «Գոսֆիլմաֆոնդը» թվայնացրել է ամբողջությամբ։ Սա խոսում է այն մասին, որ դժվար թե «Կինոկենտրոնը» «Գոսֆիլմադոնդին» «Բարև, ես եմ» ֆիլմի վերականգնված ժապավենի պատճենի կամ թեկուզ ասենք նորովի վերականգնված ժապավենի համար վճարած լինի 21,469,183 ՀՀ դրամ։
Մնում է ենթադրել, որ «Կինոկենտրոնը» այդ մեծածավալ գումարը վճարել է միայն լատվիական ընկերությանը։ Իսկ ի՞նչ աշխատանքներ կատարելու դիմաց, եթե, ըստ էության, առկա են ֆիլմի ամբողջությամբ վերականգնված ժապավենի ռուսերեն տարբերակը, իսկ հայերեն ձայնագրությունն էլ տրամադերլ է Հայաստանի հանրային հեռուստաընկերության։ Այս հարցի պատասխանը ստանալու համար՝ ՀՀ Մշակույթի նախարարություն ուղարկվել է հարցում՝ «Հիմնադրամի» ֆոնդից «Կինոկենտրոնին» տրամադրված ու ծախսված դրամաշնորհի բաց հաշվետվությունը հրապարակելու առաջարկությամբ։ Սակայն, անցել է մեկ ամիսից ավելի, բայց դեռ պատասխան չկա նախարարությունից, իսկ «Կինոկենտրոնի» մամուլի ծառայությունից էլլ հայտնեցին, որ այլ պատասխան չունեն տալու թեմային առընչվող։
Ի դեպ, Դովյալթանի «Բարև, ես եմ» ֆիլմը առկա է ռուսերեն և հայերեն լոզուներով։ «Կինոկենտրոնը» ՝ Կանն ներկայացնելու համար, որոշել է ստանալ բոլորովին այլ՝ հեղինակի մտահաղացման հետ կապ չունեցող մեկ այլ՝ հայերեն-ռուսերեն միքսված մոնտաժի տարբերակ։ Այդ ֆիլմի հեղինակային իրավունքների կրող է հանդիսանում նաև ռեժիսորի որդին՝ Միքայել Դովլաթյանը։ Մեր հարցին, թե նա տեղեկացվա՞ծ է եկել, որ ֆիլմի մատուցման նկատմամբ նման նորովի մոտեցում է ցուցաբերվելու, Դովլաթյանը պատասխանեց, որ՝ ոչ։ Նրան ոչ ոք տեղյակ չի պահել։