NarMedia

17

Октябрь

Ռազմավար, այլ ոչ թե զարդ դարձած փամփուշտների մասին։

Share

0

Comment
27 Просмотров
25 секунды
NarMedia


Արցախյան հակամարտության զինանոցի փամփուշտները, որոնցից պետք է զարդեր ձուլվեին, ինչպես ժամանակին քարոզում էր ՀՀ վարչապետի տիկնոջ «Կանայք հանուն խաղաղության» նախաձեռնությունը, և զարդարեին փափկասուն տիկնանց գեղանի պարանոցները, ռազմավարի տեսքով հանձնվեցին թշնամուն։ Օրերս, ՌԴ Պաշտպանության նախարարությունը, խաղաղապահների գործունեության մասին տեղեկագրում հրապարակեց այդ հանձնված զենք-զինամթերքի և զինտեխնիկայի թվաքանակը։   

Նախապես արձանագրենք, որ սույն անդրադարձը վերաբերում է բացառապես ՀՀ որդեգրած ու իրականացրած ինֆորմացիոն քաղաքականությանը՝ տարվող Արցախյան պատերազմից առաջ, ընթացքում (այդ մասին գրել եմ դեռ երկու տարի առաջ «Պատերազմի առաջին զոհը ճշմարտությունն է» հոդվածում) և հետո։  Ինֆորմացիոն քաղաքականություն, որը Արցախի ողբերգական ճակատագրի հարցում՝ վճռական նշանակություն ունեցող օղակներից մեկն է։ ՀՀ վարչապետի տիկնոջ նախաձեռնած «Կանայք հանուն խաղաղության» արշավը, այդ քաղաքականության կարևոր պտուտակներից մեկն էր։

Նիկոլ Փաշինյանի իշխանության գալուց անմիջապես հետո՝ 2018 թվականի հուլիսի 24-ին, տիկին Աննա Հակոբյանը՝ իր Մոսկվա կատարած այցի շրջանակներում, ելույթ ունենալով «Տրետյակովյան» պատկերասրահում հայտարարեց, թե սկսում է «Կանայք հանուն խաղաղության» նախաձեռնությունը։

Դիմելով ներկաներին՝ տիկին Աննա Հակոբյանը ընդգծեց, թե չի ցանկանում հոգնեցնել իր ունկընդիրներին՝ հակամարտության ակունքներին վերադառնալով կամ հայկական կողմի դիրքորոշումը ներկայացնելով։

«․․․Իրականում ես կարծում եմ, որ կարևոր չէ, թե ինչպես է ծագել այս հակամարտությունը։ Կարևորն այն մարդկային կյանքերն են, երիտասարդ մարդկային կյանքերը, որոնցով վճարվում է այդ կոնֆլիկտի դիմաց։ 

․․․ու կարևոր չէ, թե պետություններից յուրաքանչյուրն ինչ ստացավ այդ պատերազմից, ով գոհ մնաց, ով՝ դժգոհ։ Կարևորն այն է, որ երիտասարդ եւ լուսավոր կյանքեր ոչնչացան, ընտանիքներ որբացան, եւ երկու երկրում էլ որդեկորույս մայրերի նոր բանակներ ձևավորվեցին»։

Նախաձեռնության գաղափարական բովանդակությունը և դրան համահունչ հնչեցվող վերոհիշյալ միտքը, առաջին հայացքից, մայրական փխրուն սրտից բխած և մարդասիրական արժեքներ քարոզող կոչ կարող է ընկալվել, եթե միայն վերանանք այն փաստից, որ այն հնչեցնում է իքս պետության իգրեկ ղեկավարի տիկինը։ Սակայն, վերանալ այդ փաստից չենք կարող, քանի որ այդ ուղղերձը հնչեցնում էր ոչ թե ֆեմինիստական, բարեգործական կամ մարդու իրավունքներով զբաղվող ինչ-որ մի հասարակական կազմակերպության ղեկավար, այլ՝ Ադրբեջանի հետ, երեսուն տարի ձգվող հակամարտության կողմ հանդիսացող և պարբերաբար արյունալի պատերազմի մեջ ներքաշվող Հայաստանի Հանրապետության առաջին տիկինը, որն օտարերկրյա լսարանի առջև հնչեցնում է արժեքային վակում ռաջացնող միտք, թե՝ «կարևոր չէ հակամարտության ծագման պատմությունը»։

Հակամարտության պատմություն, որը տասնամյակներ շարունակ թղթի վրա արձանագրում էր պատմական արդարության, ազգերի ինքնորոշման, իրենց պատմական հողում Արցախի ազգաբնակչության անվտանգ կեցության և էթնիկ զտումների ենթարկվելու վտանգի մասին։

Այնուհետ, արժեքային վակում առաջացնեղ այդ և ոչ պակաս վակումային հաջորդ՝ «կարևոր չէ, թե պետություններից յուրաքանչյուրն ինչ ստացավ այդ պատերազմից»  միտքերը, ինֆորմացիոն հոսքագծերի միջոցով՝ լցվում էին նաև տեղական լսարանի ականջները։ Եվ պատահական չէ, որ  վերջինս, պատերազմական «Հաղթելու ենք» մոտիվացիոն կոչին պատասխանելով բուռն ոգևորությամբ, այնուամենայինվ, զգուշորեն շուռ ու մուռ էր տալիս նախապատերազմական քարոզչության հետևանքով իր ենթագիտակցության մի անկյունում ծվարած հարցերը, թե՝«ի՞նչքանով է, իրականում, կարևոր այդ հողակտորը մեր համար, մեր տղաները կրկին զոհվում են հանում ոչնչի, թե՞ ․․․»։ Ահա հայկական լսարանի ենթագիտակցության մի անկյունում արդեն պինդ ծվարած այդ հարցերի հետևանքով էր նաև, որ «Հաղթելու ենք» մոտիվացիոն կոչը մնաց զուտ հեշտեգի մակարդակում, քանի որ մենք, ի սկզբանե, խաղաղության ռոմատիկ տրամադրվածությամբ, համաձայնվել էինք փամփուշտերը զարդեր դարձնելուն, իսկ զարդերով, բնականաբար, բայրաքթար չես «զգետնի»։

Ահա ուրեմն, 2018 թվականի հուլիսի 24-ին, «Կանայք հանուն խաղաղության» նախաձեռնությունը, որը իրականացնում էր ՀՀ վարչապետի տիկինը, այլ ոչ թե հասարակական ակտիվիստների խմբակ,  ազդակ ուղարկեց օտարերկրյա, հայաստանյան և ադրբեջանական լսարաններին, թե հայկական կողմը տրամադրված է խաղաղության։ Եվ երկու տարվա ընթացքում, մինչ պատերազմի պայթյունը, ՀՀ տեղեկատվական քարոզչության կողմից տեղի չունեցավ ոչ մի հակակշիռ մասշտաբային ակցիա, որը ի ցույց կդներ այն փաստը, որ՝ չնայած հայոց փափկասուն տիկնայք խաղաղություն են պահանջում, բայց մեդալի հակառակ երեսում տղամարդիկ անսասան պատրաստ են պատերազմի, եթե հանկարծ թշնամին չընկալի հայոց մայրերի մարդասիրական կոչը։ Բանակը ներքնաշորով հագեցնելու և կուշտ կերակրելու քարոզչական ակցիան, չի տեղավորվում վերը ասված մտքի մեջ։ Թշնամուն պետք է ցույց տալ զենքի փայլ, մկաններից պրկված մարտական բազուկներ, այլ ոչ թե ուտելիքի առատությունից ծանրացած զինվորական ճաշարաններ։  

Կարևոր է ընդգծել փաստը և ընդգծում եմ այդ փաստը, որ «Կանայք հանուն խաղաղության» արշավը իրականացնում էր պետության առաջին դեմքի տիկինը։ Փորձեցի վերհիշել, թե հակամարտությունների ու պատերազմների պատմության մեջ եղե՞լ են արդյոք առաջին տիկնայք, որ կազմակերպել են նման արշավներ։ Բարեգործական ճաշարաններ՝ փախստականների ու տեղահանվածների համար, հոսպիտալներում ծառայություն և հերթապահություն, նվիրատվություններ  որբանոցներին և անտուններին, ի վերջո մարտական ջոկատների ձևավորում, զինավարժություններին մասնակցություն ու մի շարք նման նախաձեռնություններ իրականցրվել են առաջին տիկնանց կողմից, սակայն, խաղաղության քարզչության գործը մնացել է հիմնականում ֆեմինիստական և հասարակական կազմակերպութոյւնների ուսերին։

Այսպես, օրինակ, «Սևազգեստ կանայք» շարժումը, որն ի հայտ եկավ 1988 թվականին Երուսաղեմում՝ ընդեմ իսրաելա-պաղեստինական հակամարտությանը, 1981 թվին կազմակերպված կանացի ճամբարը՝ Մեծ Բրիտանյայի Գրինհեն-Կոմմոնում, որտեղ տեղակայված էր ռազմական բազա՝ միջուկային հրթիռներով։ 

Կանացի պացեֆիստական կազմակերպություները ակտիվ էին, հատկապես, Առաջին համաշխարայինի տարիներին։ 1914 թվականին, օրինակ, 15 000 կին մասնակցում էր խաղաղ ակցիայի Նյու Յորքում։ Այդ կանայք հրաժարվեցին իրենց շարքերը ընդգրկել, նույնիսկ այն տղամարդկանց, որոնք նույն կերպ խաղաղության կողմակից էին։

Համախոհների լայն բանակ ուներ նաև «Հանուն խաղաղության կանացի կուսակցությունը», որի շրջանակներում, ֆեմինիստուհիներ Ռոզիկա Շվիմմերը և Էմմելին Պատրիկ-Լօուրենսը, 1915 թվականին Հոլանդիայում կազմակերպեցին «Կանանց միջազգային խաղաղ համաժողով»-ը։ Այդ համաժողովը մշակել էր հստակ  կանոնադրություն, որը ոչ մի աղերս չուներ փամփուշտները զարդերի վերածելու ռոմանտիկական սիմվոլիզմի հետ։ Համաժողովի ուղերձը այնքան կուռ և գործնական էր, որ հետագայում ԱՄՆ նախագահ Վիլսոնը, դրանցից շատերը դրեց իր «Տասնչորս կետ» տեսլականում, որը նա առաջարկում էր որպես հիմք՝ 1919 թվականի խաղաղության պայմանագրի։    

2018 թվականի հոկտեմբերին Աննա Հակոբյանը հյուրընկալեց մի խումբ՝ Ռուսաստանից ժամանած կանանց Արցախում, առաջնագծում ասելով, թե մայրական սիրո հանդեպ կհալվեն աշխարհի փամփուշտները և արշավին միացող յուրաքանչյուր կին կստանա նվեր զարդ՝ հալված փամփուշտներից։ Նա նաև կոչ արեց այն հայ կանաց, ովքեր ունեն թանկարժեք զարդեր, նվիրաբերել դրանք ակցիայի նպատակներին։   

Բաքուն անմիջապես արձագանքեց ՀՀ առաջին տիկնոջ նախաձեռնությանը՝ մեղմ ասած ոչ խաղաղասեր ազդակով ու սև ցուցակ մտցրեց ակցիային մասնակցած և Արցախ այցելած մի քանի կանանց՝ գրող Լյուդմիլա Ուլիցկային, «Վերա» բարեգործական ֆոնդի հիմնադիր Նյուտե Ֆեդերմեսերին և Պետդումայի միջազգային գծով փոխնախագահ Սվետլանա Ժուրովային, իսկ ՌԴ ԱԳՆ-ն Մարիյա Զախարովայի շուրթերով տվեց հետևյալ գնահատականը․

«Ինչ վերաբերում է այդ ակցիային, ապա ոչ կազմակերպիչները, ոչ մասնակիցները՝ ռուսական կողմից, չեն դիմել ՌԴ ԱԳՆ, այդ իսկ պատճառով մեզ դժվար է որևէ գնահատական տալ այդ ակցիայի գաղափարին։ Մեզ հետ ոչ մեկ չի կիսվել տեղեկատվությամբ։ Մենք այդ մասին իմացել ենք ԶԼՄ-ներից։ Կուզենայի ընդգծել, որ սկզբունքային առումով նման միջոցառումների հաջողելու գրավականը կայանում է նրանում, որպեսզի կողմերը կարևորեն այն և աջակցեն միմյանց, քանի որ խոսքը վերաբերում է իրավիճակի, որտեղ առկա է հակամարտություն կողմերի միջև»,-հատու արձանագրեց Զախարովան։

Նրանք, ովքեր հասկանում են դիվանագիտության լեզուն, Զախարովայի այս երեք նախադասության տակ կարող են գտնել ոչ միայն հստակ գնահատական հիշյալ ակցիային, այլ նաև առավել խորը տեղեկատվություն՝ այդ պահին արդեն հասունացող և հետագայում իր դառը պտուղները տվող հայ-ռուսական հարաբերությունների մասին։ Ինչևէ։

Ըստ էության, ի՞նչ գործնական քայլեր էր առաջարկում ՀՀ վարչապետի տիկնոջ նախաձեռնությունը՝ խաղաղության հասնելու և առանց պատերազմի արցախյան  հակամարտությունը հաղթահարելու համար, բացի՝ Մեհրիբան Ալիևային Արցախում մուղամի տակ հյուրընկալելու բարիդրացիական առաջարկը։ Հարցի պատասխանները փորձեցինք գտնել «Կանայք հանուն խաղաղության» նախաձեռնության պաշտոնական էջում։

Մեկ տարի առաջ՝ 2023 թվականի հոկտեմբերի 10-ին արված՝ «Հայ կանանց մեռելային լռությունը» վերտառությամբ նյութում, որի հեղինակն է Աննա Հակոբյանը, կարդում ենք հետևյալը․  

«․․․Արշավի վերջնանպատակն էր ոտքի հանել հարյուր հազարավոր հայ կանանց, ովքեր օրինակ կծառայեին, քաջություն կփոխանցեին բռնապետության մեջ ապրող ադրբեջանցի կանանց և վերջիններիս ճնշման արդյունքում իսկապես հնարավոր կլիներ կանխել լայնածավալ պատերազմը, հակամարտության լուծման այլ ճանապարհ որդեգրել։ Եվ ի՞նչ կատարվեց: Կատարվեց այն, որ դեռ սաղմնային փուլում «Կանայք հանուն խաղաղության» արշավը տապալվեց՝ հանդիպելով հայ կանանց մեռելային լռությանը (թող ինձ ներեն այն հատուկենտ կանայք, ովքեր աջակցություն էին հայտնում արշավին, եւ բոլոր նրանք, ովքեր դա անում էին Ֆեյբուքյան քոմենթի տեսքով)»։

Այսինքն, այն, որ ակցիան տապալվել է սաղմային փուլում, մեղավոր են հայ կանայք։ Իսկ այն, որ նման նուրբ թեմային առընչվող պատասխանատու նախաձեռնությունը, ըստ ՌԴ և Ադրբեջանի արձագանքների ենթատեքստի, հաշվի չի նստել իրերի իրական դասավորության հետ, չի մշակել ու սեղանին չի դրել գործելու հստակ կանոնադրություն՝ ակցիայով հետաքրքրվողների համար (համենայն դեպս նման կանոնադրություն-ուղեցույց չգտանք ոչ մի տեղ) և բավարարվել է միայն այս ու այն հարթակից ռոմանտիկ կոչեր հնչեցնելով, դա, թերևս, ակցիայի տապալման հարցում նշանակություն ունենալ չի կարող։ Կարծում եմ, շատերը կհամաձայնեն, որ հստակ մշակված ու գաղափարական ամուր հենք ունեցող, ինչպես նաև ժամանակակից տեղեկատվական քարոզչության և PR-ի զինանոցին տիապետող ոչ մի նպատակ չի կարող, ի վիճակի չէ տապալվել սաղմային փուլում։     

Էդվարդ Բերնեսը, որին համարում են Պրոպագանդա և PR հասկացությունների հայրը, ասում էր, որ եթե դաշնամուր արտադրող ընկերությունը ուզում է հասնել իր արտադրանքի վաճառքի լավագույն արդյունքին, ապա պետք է համագործակցի շինարարական ընկերության հետ, որը նորակառույց բնակարաններ է նախագծում՝ խնդրելով, որ ընկերության ճարտարապետները ներակառույցների բնակարաններում գծագրեն սենյակներ, որոնք ունեն հարմար անկյուն՝ դաշնամուր տեղադրելու համար և այդ պարագայում, սպառողները անպատճառ կգնեն դաշնամուր։ Հանճարեղ է, այնպես չէ՞։ Թե չէ՝ «հայ կանանց մեռելային լռություն»․․․