Իսկ Երկրի դիմադարձ կողմում աշուն է, բայց ոչ այնպես թաղծոտ, թանձրացած ու բուրավետ, ինչպես գրող-ճանապարհորդ Նիկոլ Փաշինյանի նկարագրած հայաստանյան աշունն է՝ նրա «Երկրի հակառակ կողմը» պատմվածքում։ Թախիծը՝ թավշյա, ռոմանտիկ հույզ է։ Իսկ այս տարվա հայաստանյան աշունը, ինչպես 2020 թվինը՝ արյունոտ է, արցունքոտ, խանձված ու տառապյալ։
Ու քայլում է Երկրի հակառակ կողմում Ալիևը՝ «․․․եթե կուզեք ազատագրված, եթե կուզեք օկուպացված տարածքներ․․․»-ով, որոնց վերաբերյալ, ըստ լրագրող Նիկոլ Փաշինյանի՝ «Հողը սիրելով են պահում, իմացեք» հոդվածի, մի ժամանակ «իլուզիաներ» ունեին Երկրի դիմադարձ կողմում ապրող մարդիկ։ Ահա՝ ցրվել են այլևս տիեզերքով մեկ այդ «իլուզիաներ»-ը և, մերկ, արյունոտ, սարսափազդու ռեալության ֆոնին՝ ծածանվում է Ադրբեջանի դրոշը մայրաքաղաք Ստեփանակերտի լազուր երկնքում։
«Եվ իսկապես, ինչի՞ պետք է մերը լինի Ադրբեջանի յոթ շրջանները, որ մի քանի գեներալ երկաթգծի ռելսերը վաճառեն իրանցիների՞ն, որ բնությունը ոչնչացնեն ու որպես գերան արտահանե՞ն, որ գործարանները քանդեն վաճառե՞ն։ Մարդիկ լեգենդներ են պատմում Զանգելանի, Ֆիզուլիի այգիներից, մրգերից։ Ու՞ր է էդ միրգը, Հայաստանում մեկը համտեսե՞լ է դրանից այդ տարածքների «ազատագրումից» հետո»․․․», — հարցադրում է հնչեցրել իր վերոհիշյալ ակնարկում՝ գրված 2001 թվականին լրագրող Ն․Փաշինյանը։
Եվ ուրեմն, այդ մարգարեական հոդվածի հրապարակումից հետո անցել է 22 տարի։ Այսօր 2023 թվականի հոկտեմբեր ամիսն է։ ՀՀ վարչապետն է վերոհիշյալ հոդվածի հեղինակը, իսկ մենք ապրում ենք անիլուզիա մի ռեալությունում, որտեղ մերը չեն ոչ միայն արյունով ազատագրված այդ յոթ շրջաններն, այլ նաև Արցախը՝ ծայրից ծայր։
Ասել է թե՝ Հայկական աշխարհի պատմական ճակատագրում տեղի է ունեցել շրջադարձային և ողբերգական բեկում։ Սակայն, պարզվում է, տարիների այդ շղթայում միայն մեկ բան մնացել է հաստատուն ու անփոփոխ՝ դա լրագրող, այնուհետ պատգամավոր Նիկոլ Փաշինյանին հատուկ պոլեմիկայի ոճն է, որն, այժմ դրվել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջնորդած՝ իշխանության քարոզչական քաղաքականության հիմքում։ Եվ այդ ոճը՝ ամենը և բոլորին հեղինակազրկելու, արժեզրկելու ու մեղավոր հանելու «безпроиграшный» արշավի հաջողության գրավականն է։
Ըստ այդմ՝ ռազմավարությունը սույն ունի բուրգի ձև՝ գագաթին «չարյաց չարիք» նախկիններն են, անկյուններում՝ Ռուսաստանը իր «գործակալներով» և Արցախի «ապաշնորհ» իշխանությունները՝ «մշտապես դժգոհ» արցախցիներով։ Եվ չլինեին այդ բուրգի մեղավորները՝ Նիկոլ Փաշինյանի վարչակազմը Հայաստանի և Արցախի քաղաքացիների Ամանորյա սեղանը, հաստատ, կզարդարեր Զանգելանի ու Ֆիզուլիի այգիներից քաղված «լեգենդար մրգերով»։
Մայիս 23, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արփի Դավոյան․ «Այդ յոթ շրջանը (ի նկատի ունի այն շրջանները, որոնք, լրագրող Նիկոլ Փաշինյանը անվանում է «կուզեք օկուպացված»), որ փուլային կամ փաթեթային տարբերակով պատրաստվում էիք վերադարձնել, ի՞նչու էր ձեր սիրելի Ռոբերտ Քոչարյանը անվանում օկուպացված տարածքներ․եկեք այստեղ հատիկ-հատիկ ասեք՝ որտեղ ինչ եք բանակցել»։
Հունիս 1, Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյան․ «Վարդան Օսկանյանը պետք է վերջապես դադարի մարդկանց ապուշի տեղ դնել ու դա անի անհապաղ։ Ասում է՝ Նիկոլ Փաշինյանը Արցախը բանավոր հանձնել է։․․․Այս պարագայում, ուրեմն՝ ցանկացած բանական մարդ պիտի ինքն իրեն հարց տա․ եթե Հայաստանի ղեկավարն է Արցախը հանձնող-չհանձնողը, ուրեմն արդյո՞ք հենց նույն՝ բանավոր կերպով Արցախը 1998-ին չէր հանձնվել, երբ Օսկանյանն ու իր ղեկավարը որոշել էին բանակցել «Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի մեկ ընդանուր պետության» գաղափարի շուրջ»։
Սեպտեմբեր 22, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյան․ «Փեսա Միշիկը տարիներ ու անհավանական ֆինանսական ու մեդիա ռեսուրսներ ծախսեց, որ յուր աներ Սերժ Սարգսյանից կերտեր պետականամետի, անկախականի, Հայաստանի ինքնիշխանության համար կռիվ տվողի կերպար, որ Հայկ Մամիջանյանին բերեին, ու մի քանի օրում անկախականի էս փուչիկը պայթեցներ ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ԿԱՆՉԻ ասեղով: Ինչպիսի՜ անփառունակ վախճան Նարիմանովի համար»։
Սեպտեմբեր 22, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հասմիկ Հակոբյան․ «Էլի առիթ ունեցել եմ ասելու, որ Լեռնային Ղարաբաղի հարցը մշտապես՝ սկսած 90-ականներից, նախկին երկու ղեկավարների համար եղել է իշխանության գալու, ապա՝ իշխանությունը պահելու միջոց: Այո՛, թե՛ Ռ.Քոչարյանը, թե՛ Ս.Սարգսյանը օգտագործել են Արցախի հարցը, որպեսզի ներսում՝ Հայաստանում, վերարտադրվեն, ու նորից, ու նորից… Իսկ ո՞վ է հիմա Երևանում բռնության կոչեր անում, անկարգություններ հրահրում՝ իրար ձեռքից բարձրախոս խլելով: Ճիշտ եք՝ Ռ.Քոչարյանի ու Ս.Սարգսյանի գլխավորած խմբակների անդամները»:
Իշխանության լինել հինգ տարի և այդ 1825 երկար ու ձիգ օրերի ընթացքում շարունակակաբար կրկնել նույն թեզերն ու մտքերը՝ բացառապես առանց մի ստորակետ ու վերջակետ փոխելու և ընկալելի լինել հասարակության զգալի հատվածի կողմից, ընկալելի լինել՝ պատերազմում ողբերգական պարտություն կրելուց, հազարավոր զոհերից, Ադրբեջանի բանտերում հյուծվող գերիներից ու Արցախը արյունաքամ վիճակում թշնամուն հանձնելուց հետո․․․
1954 թվականին ամերիկացի գիտնականներ Ջեյմս Օլդսը և Պիտեր Միլները՝ կրծողների վրա փորձեր կատարելու արդյունքում, բացահայտեցին գլխուղեղում տեղակայված այն կենտրոնները, որոնք պատասխանատու են հաճույքի զգացողության համար։ Փորձամկները, որոնք հնարավորություն ունեին թաթի մեկ հարվածով, իրենց գլխուղեղին միացրած լարի միջոցով ստանալ դոֆամինի (հաճույքի, երջանկության հորմոնը) արհեստական չափաբաժին՝ հրաժարվեցին կերակուրից ու ջրից և կարճ ժամանակ անց սատկեցին։ Հետագայում, այս փորձի հիման վրա, գիտնականները բացահայտեցին թմրանյութից մարդու կախվածության ֆենոմենը։
Այսօր արդեն, հոգեբանները՝ հղում կատարելով այդ փորձին, վտանգի ազդանշան են բարձրացնում ժամանկակից հասարակության կախվածության վերաբերյալ՝ վիրտուալ աշխարհից և այդ վիրտուալ աշխարհում ծավալվող քարոզչական պատերազմների ազդեցության առընչությամբ։ Ըստ մասնագետների, տեղեկատվական նման հոսքերը իրենց հիմքում չունեն ոչ մի շոշափելի նյութ և, բացի ագրեսիայի բորբոքումից, գիտակցություն են ներարկում նաև բուտաֆորիկ դոֆամին։
«Նախկիններ» քարոզչանյութը Նիկոլ Փաշինյանի իշխանության քարոզչական քաղաքականությունում հանդիսանում է հենց այդ բուտաֆորիկ դոֆամինը, որը լսարանին ներշնչում է «չարիքի» նկատմամբ «հաղթանակ» տանելու արհեստական բավարարվածություն և մշուշում է իրականությունը։ Այդ բուտաֆորիկ դոֆամինը իշխող վարչակազմը այնքան ինտենսիվ ու թանձր չափաբաժնով է մատուցվում հասարակությանը, որ վերջինս չի հասցնում ուշքի գալ։ Նույն կոնտեքստի մեջ է նաև Ռուսաստանի և «Ռուսաստանի ագենտներ»-ի դեմ կատաղի պայքար մղելու ներշնչանքը և այդ պայքարում նրանց «հաղթելու» կամ անարգանքի սյունին գամելու արդյունքում արտադրված «դոֆամինը»։ Այն պահին, երբ Արցախը հայաթափվում էր, իշխանական քարոզչությունը բազաթիվ վիրտուալ լարերով՝ լսարանի գլխուղեղին էր միացրել հիշյալ «դոֆամինը» ու ոչ մի րոպե բաց չէր թողում սեղմակը։
Ներկայացվող ծաղկաքաղը՝ վիրտուալ տիրույթում գրողող քարոզչական լավայ տասը տոկոսն է միայն։
Սեպտեմբերի 22, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյան. «․․․Օգտագործում են մարդկանց էմոցիաները և հեղաշրջման կոչեր անում: Մարգարիտա Սիմոնյանը և Վլադիմիր Սոլովյովը, կոչ են անում հայ բնակչությանը միանալ ընդդիմության ցույցերին, իսկ ՌԴ պետդումայի պատգամավոր Եվգենի Ֆեոդորովը երեկ հայտարարում է, որ Ռուսաստանը կվերացնի Հայաստանը և այն կդարձնի Ռուսաստանի գուբերնիա: Այսքանից հետո, բացատրեք, թե ինչպես կարելի է գլխի չընկնել, որ գործակալների այս շրջանակը փորձում է վերջ տալ ՀՀ անկախությանն ու պետականությանը: Հայաստանը մնալու է կանգու´ն: Վստահ եղե´ք»։
Սեպտեմբերի 23, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արեն Մկրտչյան․ «Չափերդ չանցնեք. վիզներդ կտեսնեք, մեզ նահանգի, ղեկավարին էլ` նահանգապետի կարգավիճակում չեք տեսնի։ 1992-ին ես քեզ կդարձնեմ ՀԱՊԿ անդամ։ 7 տարի անց` 1999-ին դու կգլխատվես։ Հետո 80 մլն դոլար պարտքի դիմաց կառավարման կվերցնեմ քո ռազմավարական օբյեկտները (էներգետիկ ենթակառուցվածքներից մինչև երկաթուղի)` քեզ դարձնելով պատանդ։ Դա կանեմ քո ղեկավարի ու իմ գործակալի ստորագրությամբ։ Չի ստորագրի` կփոխեմ։ Կփոխեմ` կկտրվի լափատաշտ դարձրած քո բյուջեից։ Չի ուզում։ Ուրեմն կվերցնեմ։ Դու կդառնաս ԵԱՏՄ անդամ մի քանի ժամում` խաչ քաշելով մի քանի տարի տևած եվրաասոցացման բանակցությունների վրա։ Հետո ես քո թշնամուն 5 մլրդ դոլար արժողությամբ ռազմամթերք կվաճառեմ, որով նա 2016-ի ապրիլին և դրանից հետո կխոցի քո զինվորին` քո ղեկավարի ու իմ` արդեն հաջորդ գործակալի լռությամբ։ Չի լռի` կփոխեմ։ Կփոխվի` կկտրվի լափատաշտ դարձրած քո բյուջեից։ Չի ուզում։ Ուրեմն կվաճառեմ։ Հետո դու գործակալներիս կվռնդես, կասես ես եմ որոշում։ Կասես` արտաքին կուրսը չեմ փոխում, կմնաս ՀԱՊԿ-ում ու ԵԱՏՄ-ում, հետս կգաս Սիրիա խաղաղապահ առաքելության ու միջազգային հարթակներում կքվեարկես ինձ հետ սինքրոն։ Բայց միևնույն ա, խնդիր կա` դու ես որոշում։ Հետո կսկսվի լայնամասշտաբ պատերազմ, ու ես չեմ գա, դու կպարտվես։ Կասեմ քո տարածքը չի։ 2021-ի մայիսին, 2022-ի սեպտեմբերին կհարձակվեն արդեն քո տարածքի վրա, կասեմ սահմանազատված չի։ Գործակալներիս կմոբիլիզացնեմ քեզ փոխելու, բայց բոլոր կանոններին հակառակ դու կլինես, կմնաս։ Պայմանագիր կկնքենք, փողը կտաս, զենքդ չեմ տա, կասեմ խառն եմ, հետո կտամ։ Գործակալներիս գործակալներին կնշանակեմ, խաղաղապահներիս հետ կքաշեմ ու կհրետակոծեն եղբայրներիդ, քույրերիդ ու երեխաներիդ։ Ու դա նորից լավ շանս ա, պարարտ հող. փողոցում ու սոցցանցերում հարթակ կհանեմ փնթի, հակահիգիենիկ գործակալներիս (նրանց կմիանան ազնիվ մոլորյալներ ևս) ու կփորձեմ ստանալ կրիտիկական զանգված` փոխելու քեզ։ Ու դա արդեն կանեմ բացեիբաց. միգուցե վերջին շանսն ա։ Քանի որ դու ճիշտ էիր, դու ուրիշ ես, ինձ նման չես։ Դու ես որոշում, ու ես դա չեմ ուզում։ Հ.Գ. Մեր բոլոր թշնամիներին նման բարեկամ եմ մաղթում։ Ու հա, վիզներդ կտեսնեք, բայց մեզ նահանգի, ղեկավարին էլ` նահանգապետի կարգավիճակում չեք տեսնի։ Չափերդ չանցնե՜ք։ Էստեղ մենք ենք որոշում։ Ժողովուրդն է որոշում»։
․․․Եվ քայլում է Երկրի հակառակ կողմում Ալիևը՝ արցախյան մայրաքաղաքի դատարկված ու ամայի փողոցներով, որոնց անկյուններում դեռ զնգում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի պոռթկուն ու ինքնավստահ ձայնը՝ «Արցախը Հայաստան է։ Եվ վերջ»։ Իսկ Երկրի դիմադարձ կողմում՝ հայաստանյան մայրաքաղաքի փողոցներն են ոտնատակ տալիս գաղթած, անկտուր արցախահայերը, ովքեր սովյալ, բայց իրենց հողում ապրելու հույսը սրտներում պինդ պահած՝ ամիսներ առաջ կարդում էին Հայաստանի առաջին տիկնոջ գոտեպնդող տողերը ֆեյսբուքում ՝ «․․․Հայաստանի Հանրապետության վարչապետի կյանքի ամեն վայրկյանը նվիրված է մեր պետությանը և Ձեզ։ Հիմա մեզ հեշտ չէ։ Հայաստանում ապրողները քիչ չեն տառապել։ Մեծահոգի եղեք, որ նրանք այժմ փառատոնների են մասնակցում։ Փառատոններ Ղարաբաղում դեռ կլինեն․․․»։
Բայց փառատոններ, ցավոք, ցավոք, ցավոք Արցախում տեղի չեն ունենա, իսկ ահա թուրք-ադրբեջանական համտեղ զորավարժություններ, ըստ ադրբեջանական լրատվամիջոցների, օրերս կանցկացվեն Լեռնային Ղարաբաղում։