28
Июль

Աննա Հակոբյանի Reels-ը չունեն սեփական անձը ցուցադրելու նպատակ։

Share
0
Comment
210 views
7 sec
NarMedia

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը Ֆեյսբուք և Ինստագրամ սոցիալական ցանցերում ունի էջեր, որտեղ պարբերաբար հրապարակում է տեղեկատվություն։ Ընդ որում, ֆեյսբուքում Աննա Հակոբյանը ունի երկու էջ՝ առաջինում նա հանդես է գալիս, որպես “Հայկական ժամանակ” օրաթերթի գլխավոր խմբագիր, երկրորդը՝ ՀՀ վարչապետի տիկնոջ պաշտոնական էջն է։

Աննա Հակոբյանի սոցիալական մեդիայում արված հրապարակումների ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ նա, աշխատում է իր էջերում տարանջատել անձնական և պաշտոնական տեղեկատվությունը։ Սակայն, փաստը այն է, որ Աննա Հակոբյանը հանդիսանում է ՀՀ առաջին տիկինը, իսկ այդ պարագայում տեղեկատվության տարանջատման նման մոտեցումը բացարձակ չաշխատող լուծում է։ Այն ամենը ինչ վերաբերում է Աննա Հակոբյանին այս ժամանակահատվածում՝ ներքին և արտաքին լսարանների կողմից ընկալվում է, որպես ՀՀ առաջին տիկնոջ կողմից լայն լսարանին փոխանցվող ոչ անձնական բնույթի ինֆորմացիա։ Օրինաչափ և բոլոր երկրների բոլոր առաջին դեմքերին վերաբերող իրավիճակ։

Պատկերացում կազմելու համար, թե ինչի մասին է խոսքը, բերենք մեկ օրինակ․ ԱՄՆ
35-րդ նախագահ Ջոն Քենեդու տիկինը՝ Ժակլին Քենեդին, ով փայլուն կրթություն ստացած անձավորություն էր և, ի դեպ, մինչ ամուսնությունը նույնպես զբաղեցնում էր գլխավոր խմբագրի պաշտոն մի քանի ամերիկական ամսագրերում, մոլի ծխող էր։ Նա օրվա մեջ ծխում էր 2-3 տուփ ծխախոտ և սիրում էր արևային լոգանքներ ընդունել բացառապես Եվայի հագուստով։ Բայց, Սպիտակ տան պաշտոնական արխիվներում անհնար է գտնել որևէ ֆոտո կամ տեսա նյութ, որտեղ Ժակլին Քենեդին կլինի ծխախոտը ձեռքին։ Այդպես կարգադրել էր պաշտոնական արարողակարգը, որը գտնում էր, թե Ամերիկայի առաջին տիկինը պետք է լսարանին ներկայանա իդեալին մոտ կանացի կերպարով։ Առաջին տիկնոջ հագուստը, պահվածքը, նախասիրությունները, ապրելակերպը, խոսքերն ու մտքերը պետք է լինեին վերահսկելի և օրինակելի բազմահազար ամերիկացիների համար, գտնում էր ամերիկյան դեմոկրատական համակարգը։

Վերադառնանաք մեր իրականություն։ Աննա Հակոբյան անձի նեղ անձնական կյանքի մասին հասարակությունը իրականում չգիտի բացարձակ ոչինչ և, այն Reels-երը, որոնք
հրապարակում է Աննան՝ իր ճամփորդություններից, ընտանեկան բնույթի ժամանցից,
աշխատանքային առօրեայից՝ ընդամնեը իշխանությունների կողմից իրականացվող
քարոզչական քաղաքականության մաս են։

Reels կոչվող 30-60 վայրկյանանոց այդ տեսահոլովակներից և ոչ մեկի
բովանդակությունն ու կադրային շարքը պատահական չեն ընտրված, այնպես ինչպես
պատահական չէ ՀՀ վարչապետի տիկնոջ հագուստը, պահվածքը, ժեստերը այս
հոլովակներում։ Եվ ինչպես տեսնում ենք այդ Reelsերը նպատակայնորեն հայկական լսարանի մոտ զգացմունքային վերաբերմունքի լայն ալիք են առաջացնում՝ մամուլը անդրադաձ է կատարում այդ թեմային, լրագրողները փողոցներում հարցումներ են անցկացնում, մարդիկ խոհանոցներում ու հասարակական տրանսպորտում քննարկումներ են ծավալում։

Հավատացնում եմ, եթե այդ նույն Reels-ներում Աննան լիներ դասական տաբատով և
սպիտակ վերնաշապիկով, դրանց դիտումներ քանակը կլիներ մի քանի անգամ ավելի պակաս, ասել է թե, թիրախային լսարանի քանակը կլիներ նվազ, իսկ դա նշանակում է, որ այն քարոզչական ենթատեքստը, որոնք կրում են այդ հոլովակները, կընկալեին անգամներ քիչ թվով մարդիկ։ Իսկ բոլորս քաջ գիտակցում ենք, որ քարոզչության թիվ մեկ հաջողությունը լայն լսարանի առկայությունն է։

Իշխանական քարոզչական ենթատեքստը տեսանելի է և պարզ։ Արցախի հանձնումից ի վեր, հայոց իշխանական քարոզչամեքենան լծված է հայ հասարակության   ընկալումներում մեկ առանցքային գաղափար խմորելու գործին։ Այն է՝ Արցախի լինել-չլինելը ոչ մի կերպ չի կարող ազդել մեր՝ հայաստանցիներիս կենսակերպի վրա։ Մենք մեր բան ու գործին ենք, մեր քեֆ ու հանգստին։ Ամեն ինչ կարգին է։ Տեսեք՝ կյանքը իր բնականոն հունով ընթանում է՝ համենայն դեպս ՀՀ առաջին տիկնոջ Reels-ներում։

Ի՞նչ Արցախ։ Ի՞նչ տնավեր արցախցի։ Արցախն ի՞նչ է, ընդանրապես։ Ցավող ատամ, որից
մի կերպ ազատվեցինք ու այ հիմա հանգիստ կարող ենք շարունակել մեր քայլքը՝
պատմության քառուղիներով։ Հրեն, Գերմանիայում մարդիկ սրճարանում նստած հանգիստ սուրճ են վայելում ու թերթ կարդում։ Օրինակելի՞ կենսակերպ է։ Իհարկե՝ այո։ Իսկ դուք, թե Արցախ, հա Արցախ․․․

Պատերազմական կամ հետպատերազմական իրավիճակում գտնվող բոլոր երկրներում, ոչ մի զանգվածային իրադարձություն, որը կարող է տարածվել ու զգացմունքային լայն արձագանք գտնել հասարակության կողմից, տեղի է ունենում կամ հակառակը՝ տեղի չի ունենում ինքնաբուխ, առանց իշխանությունների գիտության։
Մոսկվայի իշխանությունները, օրինակ, վերջին երկու տարում, ամանորյա գիշերը փակում են Կարմիր հրապարակի մուտքը և չեն թույլատրում ոչ մի տեսակի խոշոր համերգային ծրագիր։ Երկրի մայրաքաղաքի գլխավոր հրապարակը չի կարող խրախճանքի մեջ լինել, երբ երկիրը պատերազմի մեջ է։ Երկիրը պարտված չէ։ Երկիրը հող չի կորցրել։ Երկրի ազգաբնակչությունը պատմական ողբերգություն չի ապրում։ Բայց, երկիրը ունի զինվորներ, ովքեր կենաց-մահու կռիվ են տալիս և՝ մայրեր, ովքեր սևազգեստ են։ Երկրի գլխավոր հրապարակում այս շրջանում անցկացվել են միայն զորահանդեսներ։

2020 թվականին, երբ Արցախը՝ մեր կրած ջախջախիչ պարտության արդյունքում
մասնատվեց, իսկ 2023 թվականին էլ արյունաքամ հանձնվեց թշնամուն, մայրաքաղաք
Երևանի գլխավոր հրապարակը առանց տոն ու տոնածառ չմնաց։
2021-ին Երևանի քաղաքապետարանը հայտարարեց, թե հրավառություն չի կազմակերպի, բայց որոշել է մանուկների համար տեղադրել երկրի գլխավոր տոնածառը Հանրապետության հրապարակում, իսկ 2023-ի տոնածառը, հրավառությունն ու տոնակատարություններն անցկացվեցին սովորականի պես շուքով։ Ի՞նչու։ Որովհետև մեր ջախջախիչ պարտությունն ու Արցախի կորուստը մեր համար լուրջ նշանակություն չո՞ւնեն, թե՞ տոներ տոնելով և փառատոներ անցկացնելով փորձում ենք ապացուցել աշխարհին մեր տոկունությունն ու անկոտրում լինելը։ Այս երկու տարբերակից ո՞րն է համապատասխանում իշխանական քարզչամեքենայի որդեգրած գաղափարաբանությանը։

Եթե ասենք, 2021 կամ 2023 թվականին Հանրապետության հրապարակում չդրվեր
տոնածառ, ապա արդյունքում հայ մանուկները, հանուն որոնց, ըստ Երևանի
քաղաքապետարանի, դրվեց այդ տոնածառը, կհիշեին (եթե իհարկե, մենք ուզում ենք ունենալ ազգային հիշողություն) մեկընդմիշտ՝ Հայոց աշխարհը, որի ապագա զինվորներն են իրենք, կանգնած է պատմական լրջագույն փորձության առջև։ Փորձություն, որը վերաբերում է յուրաքանչյուր հայի՝ անկախ տարիքից և սոցիալական կարգավիճակից։ Եվ այդ փորձությունը հաղթահարելու համար, պահանջվում է ոգու ուժ, իսկ ոգու ուժը կարող է մոխրից հառնել միայն մեծ լռության պայմաններում։

Սակայն, իչպես գիտենք, լռությունը քարոզչական տեխնոլոգիաների գործիքակազմում
անընդունելի է, քանզի լռության մեջ կարող են ծնվել մտքեր, հարցեր, գաղափարներ, իսկ
գաղափարներից՝ անկառավարելի ցասումներ։ Այնպես որ, թող փրկեա զմեզ Reels-ը այդ
սարսափելի հեռանկարից։