11
Август

Եթե Ռուսաստանը չլիներ՝ Նիկոլ Փաշինյանը այն կհնարեր։  

Share
0
Comment
231 views
18 sec
NarMedia

Նիկոլ Փաշինյանի կառավարության կողմից Ռուսաստանի դեմ տարվող լայնածավալ տեղեկատվական արշավը թևակոխել է առավել լուրջ՝ պատմական իրողությունները վերիմաստավորելու և դրանց նոր, ըստ ճաշակի գնահատականներ տալու փուլ։  

Անցյալ շաբաթ մի շարք հայկական և ռուսական լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում Հայոց պատմության 8-րդ դասարանի նորակազմ դասագիրքն էր, որը ըստ Sputnik լրատվական գործակալության տեղեկատվության, որպես ՀՀ հանրակրթական հսատատությունների համար նախատեսված ձեռնարկ, արդեն իսկ հաստատվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարաության կողմից։

Խնդիրն այն է, որ ուսումնական այդ ձեռնարկի  6.1-րդ գլխում շարադրված  է 1826-1828 թթ․ ռուս-պարսկական պատերազմի և դրա արդյունքում կնքված Թուրքմենչիայի պայմանագրի մասին։ Հիշյալ գլուխը դասագրքում վերնագրված է՝ “Արևելյան Հայաստանի բռնակցումը Ռուսաստանին”։

Բռնակցել բառը միջազգային իրավունքի լեքսիկոն լատիներենից ներմուծված անեկսիա (annexio) պատմաքաղաքական տերմինն է, որը ենթադրում է մեկ պետության կողմից մեկ այլ պետությանը պատկանող տարածքը կամ տարածքները ագրեսիվ կերպով զավթելը։  

Ի՞նչ նպատակով է պատմական այս իրողության մասով դասագրքում օգտագործվել հենց անեքսիա այլ ոչ թե ազատագրում տերմինը, եթե Թուրքմենչիայի հայտնի պայմանագրի արդյունքում թուրք-պարսկական լծի տակ գտնվող հայ ազգաբնակչությունը փաստացի ազատագրվեց և ինքնակամ, հազարներով սկսեց հոսել դեպի Ցարական Ռուսաստանի տիրապետության տակ անցած տարածքներ։

Նպատակը, իհարկե պարզ է։ Ռուսաստանի դեմ հայտարարած տեղեկատվական հակամարտության մեջ, Փաշինյանի կառավարությունը վճռականորեն անցել է ավելի ծանր զինատեսակների օգտագործմանը՝ առանց խնայելու նույնիսկ սեփական հանրությանը, որի անդամներն են 8-րդ դասարանի աշակերտները։ Կրթել սերունդ, որին պատմական գիտելիքները մատուցվում են խեղաթյուրված՝ բռնապետությունների ձեռագիրն է։

Բան այն է, որ խնդիրը այստեղ Ռուսաստանի հանդեպ համակրանք-հակակրանիքի մեջ չէ կամ նրա մեջ, թե ինչ քաղաքական խմորումներ են տեղի ունենում այսօր և ոչ էլ մտավախությունն է, թե ինչ վերաբերմունք կցուցաբերի մեր նկատմամբ Ռուսաստանը՝ արձանագրելով պատմական իրողությունների խեղաթյուրում պետական մակարդակով։

Խնդիրը այս խիստ վտանգավոր գործընթացի հետևանքների մեջ է՝ նոր սերնդի հանդեպ տարվող կրթա-մշակութային դաստիարակության առումով։ Ստացվում է, որ մեկ կոնկրետ անձի մեկ կոնկրետ կառավարության սխալները մաքրագրելու նպատակով, որոշ մասնագետներ պատրաստակամ են զոհաբերել գալիք սերնդի կրթական մակարդակը և պատմական հիշողությունը։

Ռուս խոշոր պատմաբան Վասիլի Կլյուչեվսկին իր հոդվածներից մեկում արձանագրում է, որ այն ժողովուրդը, որը չունի պատմական հիշողության ամուր հենասյուն, նման է առանց ծնողի երեխայի, ում հետ յուրաքանչյուրը կարող  վարվել այնպես ինչպես կամենա։ Պատմական փաստերը տեղեկատվական հակամարտության դաշտ տեղափոխելը՝ կազմելով դասագրքերը պատեհ քաղաքական կոնյուկտուրայի ճաշակին համահունչ՝ ոչ այլ ինչ է, քան գալիք սերնդի պատմական հիշողության հենասյունը պայթեցնելը։

Ինֆորմացիոն հակամարտությունների մեջ գույություն ունի պատմական փաստերը խեղաթյուրելու երկու մեթոդ։  Առաջինը, երբ բացահայտ կերպով վերաշարադրվում է պատմական իրողությունը՝ փոխելով փաստերը, երկրոդը՝ պատմությանը տրվող նոր գնահատականն է, երբ հավատարիմ մնալով պատմական իրադարձության ընդանուր բովանդակությանը՝ սուբյեկտիվ բնորոշումների օգնությամբ՝ ձեռնտու երանգ է հաղորդվում պատմական իրողությանը։

Դասագրքի հիշյալ գլխում շարադրված հետևյալ միտքը՝ “1828 թվականին ստորագրվեց Թուրքմենչյայի հաշտության պայմանագիրը։ Ռուսաստանին անցան Երևանի և Նախիջևանի խանությունները, Օրդուբադի գավառը։ Բացի այդ շահը պետք է վճարեր ռազմատուգանք և թույլ տար հպատակ հայերին ցանկության դեպքում վերաբնակվել Արևելյան Հայաստանի տարածքում։ Շուրջ 40-42 հազար հայերի վերաբնակեցման շնորհիվ վերականգնվեց Արևելյան Հայաստանի նախկին ժողովրդական պատկերը , որը խախտվել էր 17-րդ դար սկզբին Շահ Աբբասի կզմակերպած “մեծ գաղթի” պատճառով ”,  խոսում է այն մասին, որ 8-րդ դասարանի դասագրքում կիրառվել է երկրորդ մոտեցումը։ Այն է՝ Արևելյան Հայաստանի փաստացի ազատագրումը փոխարինելով բռնազավթում տերմինով, պատմական իրողությանը տրվել է նոր գնահատական՝ նպատակ հետապնդելով ձևավորել Ռուսաստան պետության զավթիչ կերպար։ Այս լուծումը լիովին համընկնում է ներկայիս հայկական իշխանությունների վարած ռուսատյաց քաղաքականությանը։ Տպավորություն է, որ եթե Ռուսաստանը գոյություն չունենար, Նիկոլ Փաշինյանի թիմը միևնույն է այն կհնարեր՝ սեփական սխալները մաքրագրելու երազանքից դրդված։

Այդ ուսումնական ձեռնարկն ունի երկու հեղինակ՝ Սմբատ Հովհաննիսյան և Ալա Խառատյան։ Այն կազմվել է “Մասնակցային դպրոց” ԿՀ միջգիտակարգային ծրագրի շրջանակներում։ Նախագծի ղեկավարը Վահրամ Սողոմոնյանն է։

2023 թվականի օգոստոսի 11-ին Հայաստանի Հանրային ռադիոյի “Վերնատուն” հաղորդաշարի եթերում Սմբատ Հովհաննիսյանը խոսելով իր հեղինակած դասագրքերի մասին մատնանշում է․

“Պատմություն առարկան վերաժևորման եմ ենթարկել, քանի որ ոչ աշակերտները, ոչ ուսանողների մեծամասնությունը չգիտի՝ ինչ բան է պատմությունը։ Պատմությունը շատ հաճախ շփոթում են հիշողության, ավանդույթի կամ առասպելի հետ։ Կարևորել եմ հարցադրումները, որովհետև առանց հարցադրման չկա պատմություն և կարողունակություններին զուգահեռ՝ կարևորել եմ պատմական մտածողության իրողությունը”։  

Եվ իրոք, դասագրքի 6.1-րդ գլխի վերջում աշակերտին ինքնաստուգող հարցեր հատվածում, հեղինակները ձևակերպել են հետևյալ հարցադրումը․

Դասընկերներիդ հետ քննարկիր, թե ինչպես է ցարական կառավարությունը հօգուտ իրեն օգտագործում հայերի ազգային ազատագրական ձգտումները։ Ի՞նչ նման օրինակներ կարող ես բերել ժամանակակից աշխարհի տարբեր պետությունների վերաբերյալ”։

Կարծում ենք, որ եթե դասագրքի հեղինակներն իրավմամբ նպատակ հետապնդեին աշակերտների մոտ ձևավորել պատմական մտածողություն և ցանկանային պատանիներին ընձեռել ինքնուրույն ու ազատ  եզրահանգումների հնարավորություն, ապա վերոհիշյալ առաջադրանքը ձակերպված կլիներ այլ բովանդակային երանգավորմամբ և առանց հստակ գնահատականի։

Ի վերջո, պատմամշակութային իրողություններին տրվող միակողմանի և ըստ ճաշակի մեկնաբանություններն ու երանգավորումները, ինչը ակընհայտ է այս պարագայում, հատուկ են ոչ թե պատմություն գիտությանը, այլ՝ գեղարվեստական գրականությանը։  

Նաիրա Բաղդասարյան