24
Август

Հայաստանը մո՞տ է, թե արդեն անցել է լուսանցքը։

Share
0
Comment
164 views
8 sec
NarMedia

Անցնող շաբաթվա սկիզբ տեղի ունեցավ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի պետական այցը Ադրբեջան։ Հայաստանում այն ընկալվեց, որպես հակահայկական ժեստ Պուտինի կողմից կամ պատժիչ ապտակ ՀՀ կառավարությանը՝  վերջինիս վարած հակառուսական քաղաքականության համար։

Այնուհետ, հայկական մամուլում և սոցցանցերի տիրույթում արագորեն տարածվեց Ռուսաստանի նախագահի լուսանկարը, երբ նա ծունկը խանարհած Իլհամ Ալիևի մոր հուշարձանի մոտ՝ հարգանքի տուրք էր մատուցում վերջինիս հիշատակին։ Այդ լուսանկարը պատճառով Հայաստանում էլ ավելի ալիքվեցին հակառուսական տրամադրությունները և հայկական լսարանի ընկալումներում անբեկում կերպով հաստատվեց այն կարծիքը, թե այո՝ Պուտինը Ադրբեջան էր գնացել բացառապես Հայաստանի վրա մատ թափ տալու նպատակով։

Բայց ուշագրավն այն է, որ արարողակարգային ժեստերի վրա սևեռվելով՝ հայ հասարակության զգալի մասը լրջորեն չգնահատեց Պուտինի այցի իրական դրդապատճառներն ու հետագա հնարավոր հետևանքները Հայաստանի համար։ Աշխարհաքաղաքական ներկայիս իրավիճակում այդ իրադարձությանը նման պարզունակ գնահատական տալը, թե Պուտինը պետական այցով Ադրբեջան էր հասել հայերի ինադու, առնվազն միամտություն է։ Ավելի նպատակային կլիներ, եթե հայկական լսարանին առավել խորքային և ոչ զգացմունքային տեսանկյունից լուսաբանվեր այցի դրդապատճառներն ու հետևանքները։

Հայաստանը Ռուսաստանի համար կարևոր գործընկեր է, սակայն պետք հասկանալ, որ Հայաստանը Ռուսաստանի արտաքին քաղաքականության առանցքը չէ։ Ռուսաստան գերտերությունն այսօր գտնվում է պատերազմական բարդ իրավիճակում, պատժամիջոցների տակ։ Պուտինի վարած քաղաքականության ամեն մի քայլը հաշվարկվում և իրականացվում է բարդ այդ իրավիճակից հաղթանակած դուրս գալու նպատակով և Ադրբեջան կատարած այցը նույնպես այդ համատեքստում էր։ Եթե ուշադիր հետևենք ռուսաստանյան պետական լրատվամիջոցների կողմից այցի լուսաբանմանը, ապա կտեսնեք, որ այդ միտքը կարմի թելի պես անցնում է բոլոր հրապարակումներում։

Այսպիսով, ըստ Կրեմլի պաշտոնական հաղորդագրությունների՝ Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահները այդ այցի արդյունքում ստորագրել են համաձայնագիրեր և հուշագիրեր, որոնք հիմնականում վերաբերել են առևտրա-տնտեսական բնույթի հարցերի։

Նախագահները երկկողմանի շփման ընթացքում անդրադարձ են կատարել նաև Հյուսիս-Հարավ միջազգային տրանսպորտային միջանցքի ստեղծմանը։ Ալիևը ընդգծել է, որ այդ միջանցքը ադրբեջանական հատվածում հաջողակ գործում և այդ տարի նախատեսված է այն արդիականացնելու համար հատկացնել 120 միլիոն դոլարի ֆինանսավորում։

“Ռուսաստանի և Ադրբեջանի միջև ամեն օր տեղի է ունենում 20 երթուղի։ Նույնիսկ Սովետմիության ժամանակ նման թիվ չկար”,-ասել է Ադրբեջանի նախագահը։

Ալիևը Ռուսաստանի նախագահի հետ շփման ժամանակ՝ հատուկ ընդգծել է Ռուսաստանի համար կարևորություն ներկայացնող ևս մեկ հարց, այն է՝ ռուսաց լեզվի հարցը, ընդգծելով, որ Ադրբեջանում գործում է 324 ռուսական թեքումով դպրոց, որտեղ աշակերտում են 160 հազար երեխա։  

Այնուհետ, պատվիրակությունների կողմից քննարկվել  է Շանհայի համագործակցության կազմակերպությանն Ադրբեջանի գործընկեր լինելու կարևորությունը։ Ռուսաստանի նախագահը ողջունել է նաև Բաքվի հետաքրքրությունը ԲՐԻԿՍ-ի նկատմամաբ (BRICS – 9 երկրինեից կազմված միջպետական կազմակերպություն

Վլադիմիր Պուտինը Ադրբեջանի նախագահին հրավիրել է Մոսկվա՝ հոկտեմբերին կայանալիք ԱՊՀ Խորհրդի նիստին, ինչպես նաև Կազան՝ ԲՐԻԿՍ-ի հոկտեմբերյան գագաթաժողովին։

Պուտինն ու Ալիևը պայմանավորվել են նաև միասին պատրաստվել եկող տարի սպասվող Մեծ Հայրենականի հաղթանակի հոբելյանական տոնակատարություններին, քննարկել են ներ տիպի՝ գետ-ծով լցանավերի համատեղ արտադրության հարցը, ինչը հնարավորություն կտա առավել արդյունավետ կատարել նավթային ապրանքների տեղափոխությունը՝ առաջնահերթ Եվրոպական շուկաներ։

Ինչպես արդեն հայտնի է, Ալիևն ու Պուտինը քննարկել են նաև հայ-ադրբեջանական օրակարգը։ Պուտինի խոսքերով՝ Ռուսաստանը շարունակում է պատրաստակամ լինել աջակցելու հայ-ադրբեջանական Խաղաղության պայմանագրին, սակայն, ինչպես պնդում են որոշ քաղաքագետներ, Պուտինի այդ անդրադարձը ընդամենը քաղաքավարության ժեստ է, քանզի հայ-ադրբեջանական բանակցությունները վաղուց արդեն դուրս են եկել Ռուսաստանի քաղաքական ազդեցության գոտուց։

Հարավային Կովկասը Ռուսաստանի համար եղել և մնում է նշանակալից ազդեցության գոտի։ Ներկայիս իրավիճակում Ռուսաստանը չի կարող թույլ տալ, որպեսզի իր համար տնտեսական և անվտանգային առումով մեծագույն կարևորություն ներկայացնող Հարավային Կովկասի դռները վեջնականապես փակվեն իր առջև։ Հետևաբար՝ պատրաստ է գործընկերային, ռազմավարական հարաբերություններ կառուցել այն երկրների հետ, որոնք ընկալում են դա և պատրաստ են փոխշահավետ համագործակցության։

Ադրբեջանը այս պահին և հատկապես այս պահին, երբ Ռուսաստանը գտնվում է բարդ տնտեսա-քաղաքական իրավիճակում, իսկ Հայաստանը որդեգրել է հակառուսական քաղաքականության, վարպետորեն օգտվելով իրավիճակից՝ վարում է ճկուն քաղաքականություն և ամեն կերպ ցուցադրում է իր պատրաստակամությունը՝ Ռուսաստանի համար Հարավային Կովկասում  վստահելի գործընկեր դառնալու։ Հայաստանի կառավարությունը, հակառակը՝ անում է ամեն ինչ Հայաստանին Ռուսաստանի հետ կապող շղթաները մեկ առ մեկ և շռնդալից կտրատելու ուղությամբ։

Ռուսաստանին այդ տարածաշջանից դուրս հրելու գործընթացը ընդամները մաս է Արևմուտքի կողմից բացահայ իրականացվող հակառուսական լայնամասշտաբ սցենարի։ Հայաստանի ներկայիս կառավարությունը անթաքույց աջակցում է այդ սցենարին և այդ մասին բազմիցս հայտարարել-զգուշացրել է պաշտոնական Մոսկվան։

Վերջերս ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով ԱՄՆ պետքարտուղարի օգնական Ջոն Օ’ Բրայենի խոսքերը այն մասին, թե Հայաստանի ազգաբնակչության մեծ մասը ցանկանում է խզել կապերը Ռուսաստանի հետ և ԱՄՆ պատրաստ է օգնել նրանց այդ հարցում, ասել էր, թե Արևմուտքի նպատակը պարզ է։

“Նրանց չի հետաքրքրում Հայաստանի ճակատագիրը։ Նրանք ընդամենը ձգտում են հասնել տարածաշրջանում անկայունության՝ դարավոր հարևաններին Ռուսաստանից պոկելու միջոցով”, — ասել էր Զախարովան։

Եվ զարմանալին այն է, որ այս չափազանց լուրջ աշխարհաքաղաքական խմորումների ֆոնին, հայկական լսարանի ուշադրությունը սևեռվում է այն մտքին, թե Ռուսաստանը տրամադրված է Հայաստանի նկատմամբ և այն աստիճան է տրամադրված, որ նախագահ Պուտինը իր պետական այցերը հատուկ կազմակերպում կամ գնում ու հուշարձանների մոտ ծնկի է գալիս՝ Հայաստանի վրա մատ թափ տալու համար։

Մինչդեռ, առավել արդյունավետ կլիներ, եթե հայկական հասարակությունը, մամուլի և վերլուծաբանների օգնությամբ, առավել սթափ և սառը ընկալեր Ռուսաստանի նախագահի այցի նպատակները Ադրբեջան՝ առանց սևեռվելու արարողակարգային ժեստերի վրա։

Ակընհայտ է, որ Ռուսաստանը ի դեմս Ադրբեջանի ձեռք է բերում նոր ռազմավարական դաշնակից տարածաշրջանում։ Իսկ Հայաստանը մո՞տ է, թե արդեն անցել է լուսանցքը այս խաղում։

Նաիրա Բաղդասարյան