Այս տարվա անցնող ամառվա վերջին օրը՝ օգոստոսի 31-ին, Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր պաշտոնավարումից ի վեր 15-րդ անգամ շփում ունեցավ մամուլի ներկայացուցիչների հետ։
Ինչպես հասկանալի դարձավ վարչապետ Փաշինյանի երկուս ու կես ժամվա ընթացքում կրկնվող հայտարարություններից և մտքերից ՝ “Խաղաղության խաչմերուկ” կոչվող նախագծի հանրայնացումը այդ ասուլիսի հիմնական նպատակն էր։
Լրագրողների կողմից հնչեցվող հարցերին պատասխաններ տալիս՝ հարցեր, որոնք վերաբերում էին Ադրբեջանի կողմից Հայաստանի Հանրապետության սահմանների խախտմանը, Ադրբեջանում պահվող հայ գերիներին և պատանդներին, Թուրքիայի մասնակցությանը Արցախյան պատերազմին և Ադրբեջանի հավակնոտ հայտարարություններին, վարչապետ Փաշինյանը առիթը բաց չթեղեց իր յուրաքանչյուր պատասխանի ենթատեքստում կրկին ու կրկն բարեկամատենչ ողջույններ հղելու Ադրբեջանին և Թուրքիային ու ի վերջո, անկեղծորեն նեղսրտեց, թե՝ Հայաստանը իրականացնում է փաստաթղթերով իր կողմից հանձն առած բոլոր պարտավորությունները, Հայաստանը պատրաստ է բացել ճանապարհները, խաչմերուկները, Հայաստանը տրամադրում է տրանսպորտային հաղորդակցություն, բայց՝ “օգտվող չկա”։
“Մենք այդ նախագծի իրագործումը պատրաստ ենք սկսել հենց վաղը։ Ավտոմոբիլային ճանապարհներով մենք պատրաստ ենք ճանապարհները բացել հենց վաղը։ Այդ թեման, որ անընդհատ փորձ է արվում շահարկել, շոշափել՝ արդյո՞ք Հայաստանը պատրաստ է հաղորդակցության տրամադրել Նախիջևանի Հանրապետության և բուն Ադրբեջանի միջև։ Այո՝ պատրաստ է։ Դրա մասին մենք ասել ենք։ Արդյո՞ք մենք պատրաստ ենք արձանագրել, որ էդ հաղորդակցության մեջ կան որոշակի առանձնահատկություններ՝ այո, կան և դա մենք երբեք չենք ժխտել”,- ասում է Նիկոլ Փաշինյանը ու չի բացատրում ինչ «առանձնահատկությունների» մասին է խոսքը։ Թերևս «ցավոտ զիջումների» պես մի բան է։
Հարց է առաջանում՝ իսկ ի՞նչու չկա օգտվող։ Փաշինյանն ինքը, կարծես, անուղղակի կերպով ներկայացնում է այդ հարցի պատասխանը իր մտքերից մեկում։
“․․․Էկեք հիմա նայենք Ադրբեջանի սահմանադրությանը։ Ադրբեջանի սահմանադրության մեջ հղում է արվում 1991 թվականի Պետական անկախության մասին ակտին։ Էդ ակտում հղում է արվում 1918 թվականի մայիսի 28-ի Ադրբեջանի Անկախության հռչակագրին։ Եվ Անկախության ակտի մեջ նշված է, որ էսօրվա Ադրբեջանը 1918-20 թթ Ադրբեջանի իրավահաջորդն է։ Իսկ 1918-20 թթ Ադրբեջանի հռչակագրի մեջ նշված է, որ Ադրբեջանի տարածքներ են հանդիսանում Հարավային և Արևելյան Անդրկովկասը և, 1919 թվականին Անտանտին ներկայացրած քարտեզով՝ Ադրբեջանը հավակնություններ է ներկայացրել էսօրվա Սյունիքի և Վայոց Ձորի մարզերի նկատմամբ ամբողջությամբ և Տավուշի, Գեղարքունիքի, Արարատի, Լոռու և Շիրակի մարզերի նկատմամբ մասամբ։ Ի տարբերություն Հայաստանի սահմանադրության, Ադրբեջանի սահմանադրությունը պարունակում է տարածքային պահանջներ Հայաստանի նկատմամբ։ ․․․Էսօրվա Ադրբեջանը, էս տրամաբանությամբ ևս 45-46 000 քառակուսի կիլոմետրի տարածքային հավակնություններ ունի։ Դա մեզ չի՞ անհանգստացնում։ Իհարկե անհանգստացնում է։ Բայց, մենք այս հարցը էս ձևով չենք բարձրացնում։ Ի՞նչու։ Որովհետև “Խաղաղության պայմանգրի” մեջ կա համաձայնեցված դրույթ, որ կողմերից որևէ մեկը չի կարող հղում անել իր ներքին օրենսդրությանը՝ էս պայմանագրի դրույթները չկատարելու համար”,- ասում է վարչապետ Փաշինյանը։
Անբացատրելի է մնում միայն մեկ այլ տրամաբանական հարցադրում՝ եթե հաղթած կողմ հանդիսացող Ալիևը այդ “Խաղաղության խաչմերուկին” ամեն գնով հայտնվել երազող պարտված Փաշինյանից ավելին ստանալու հայեցակարգ ունի և, թերևս վստահ է, որ ի վերջո կստանա իր ուզածը, ապա ի՞նչու պետք է շտապի, հրաժարվել իր պետության պատմական երազանքից և գերնպատակից՝ այն է Հայաստանի նկատմամաբ տարածքային պահանջներից։
Փաշինյանը, ինչպես տեսնում ենք, իր ոճի մեջ համ նալին համ մեխին խփելով՝ համոզում է հայկական լսարանին, թե “Խաղաղության պայմանագիրը” երաշխիք է և այն կնքելուց հետո Ադրբեջանը կհրաժարվի իր նկրտումներից։
Մնում է ենթադրել, որ եթե չհրաժարվեց և եթե Փաշինյանի ղեկավարած Հայաստանը այդ «Խաղաղության խաչմերուկին», ցավոք, հայտնվեց էլ ավելի խոցելի, «մերկության պես տկլոր ու անանցյալ», այդ ժամանակ Փաշինյանը, թերևս, հերթական ասուլիսը կհրավիրի ու մեջ բերելով իր խոսքերը՝ կարդարանա ինչպես միշտ․
“Ժամանակին անկեղծերոն ասել եմ, որ Ադրբեջանը տարածքային պահանջներ ունի մեզանից։ Այ որ Ռուսաստանի որոշ պաշտոնյաներ, Նախկինները, Լեռնային Ղարաբաղի ղեկավարությունը ու Ռուբեն Վարդաբյանը չլինեին․․․”։
Նաիրա Բաղդասարյան