17
Сентябрь

Մոսկվայի «Մեծ Թատրոնի» պատմական բեմին կայացավ «Իշխան Իգոր» օպերայի փայլուն պրեմերան։

Share
0
Comment
186 views
1 sec
NarMedia

«Խոսք Իգորի գնդի մասին» հին ռուսական Էպոսի հիման վրա է գրված փառահեղ «Իշխան Իգոր» ռուսական օպերան, որը տասնամյակներ շարունակ չի իջնում համաշխարային բեմերից։

Այս տարի Մոսկվայի «Մեծ Թատրոնը» իր 249-րդ թատերաշրջանը բացեց այդ ներկայացման հնչեղ պրեմերայով։ «Մեծ Թատրոնի» գեղարվեստական ղեկավար և գլխավոր տնօրեն Վալերի Գերգիեվի բեմադրած ներկայացումը տեղ կգտնի թատրոնի խաղացանկում։ Այն 1954 բեմադրված ներկայացման վերականգնված տարբերակն է։ Ռեժիսոր՝ Եվգենի Սոկովնին, նկարիչ՝ Նինա Տիխոնովա, Նիկոլայ Մելնիկով։

Լինելով քիմիկոս, գիտնական և բժիշկ օպերայի հեղինակը՝ Ալեքսանդր Բորոդինը աշխատել է «Իշխան Իգոր» ստեղծագործության վրա ավելի քան 18 տարի, սակայն, 1885 թվականին հեռանալով կյանքից, այդպես էլ չի հասցրել այն ավարտին։ Ստեղծագործությունը ավարտուն են դարձրել ռուս մեծանուն կոմպոզիտորներ Ալեքսանդր Գլազունովը և Նիկոլայ Ռիմսկիյ-Կորսիկովը։ Օպերայի առաջին բեմելը մեծ հաջողությամբ տեղի է ունեցել 1890 թվականին Սանկտ-Պետերբուրգի «Մարինյան թատրոնի» բեմին։

Չարի և բարու, անձնազոհության ու սիրո փիլիսոփայությունը բոլոր ժամանակների և բոլոր ազգությունների հանդիսատեսի համար ընկալելի է միանշանակ, այնպես որ Բորոդինի ստեղծագործությունը հավերժ է ժամանակի մեջ և այս անգամ էլ ընդունվեց հոտընկայս ծափողջույնների ներքո։

Օպերայի սյուժետային գիծը ժողովրդական դասական էպոսին հատուկ էմոցիոնալ զարգացում է ապրում՝ գործողությունից գործողություն։ Ռուս իշխան Իգորը  զորքը հավաքում է հարազատ Պուտիվլում և ցանկանալով պաշտպանել իր հայրենիքը թշնամուց՝ գնում է արշավ դեպի Պոլովցի: Իշխանի արշավանքը հաջողություն չի ունենում և նա գերի է ընկնում Խան Կոնչակի մոտ։

Խանը, որի կերպարը բացարձակ բացասական երանգ չի կրում,  հարգալից է վերաբերում ռուս իշխանին, գնահատում է նրա ուժը, վեհանձնությունը և առաջարկում է բարեկամություն պայմանով՝ եթե նա դառնա իր բարեկամը և իր երկիր վերադառնալուց հետո վրեժ չլուծի խանից։ Իշխան Իգորը ազնվականին հատուկ շիտակությամբ պատասխանում է, որ նման խոստում տալի չի կարող, քանզի դա սուտ կլինի։ Ի պատիվ ռուս իշխանի՝ խանը խնջույք է խազմակերպում։

Խանի պալատում՝ խնջույքի տեսարանը, որտեղ հանդիսատեսը կարող է ականատես լինել ռուսական բալետային արվեստի ողջ շքեղությունը, այս անգամ էլ բեմադրված էր էպիկական մեծ շնչով։ Ժամանակին փարիզյան հանդիսատեսը ցնցված էր այդ աննկարագրելի վեհաշուք պարային համարից։

«Իշխան Իգոր» օպերային ներկայացման մեջ զբաղված են ռուսական երկու լեգենդար՝ Մեծ և Մարինյան թատրոնների արտիստները։ Ռուսական ազգային օպերայի գոհար հանդիսացող ներկայացումը շլացնում է նաև արտիստների շքեղ բեմական հագուստով և դեկորացիաներով։

Լուսանկարները «Մեծ Թատրոնի» մամուլի ծառայությունից։