«Զվարթնոցում» ուղևորից գրպանել են 130 000 դրամ՝ հաշվառում անցկացնելու պատրվակով։   

- 5 ноября, 2024

2024 թվականի սեպտեմբերի 26-ին Երևանից Մոսկվա ուղևորվող Ուրալյան ավիաընկերության համար U62634 չվերթի ուղևորներ Ա․ Գասպարյանը և Բ․ Ավագյանը, «Զվարթնոց» օդանավակայանի օնլայն գրանցման հարթակից տեղեկանում են, որ հիշյալ թռիչքը հետաձգվել է, այդ իսկ պատճառով օդանավակայան են ժամանում և հաշվառման մոտենում նախատեսվածից ավելի ուշ՝ մոտ 19:00։

Թռիչքը սպասարկող աշխատակիցները (ավիաընկերության մամուլի ծառայությունը մեզ հետ զրույցում հայտարարում է, որ պատմության մասնակիցները «Զվարթնոցի» աշխատակիցներն են) հայտարարում են, թե քանի որ ուղևորները  ուշացելն են հաշվառումից, այն արդեն փակվել է, ապա վերջիններս կարող են Մոսկվա մեկնել միայն այն պարագայում, եթե վճարեն հաշվառման վերաբացման ծառայության համար։ Գինը՝ 130 000 դրամ երկու անձի համար։

Ուղևորները ճարահատյալ համաձայնվում են վճարել աշխատակցի նշած գումարը, որը իրականում կազմում է երկու լիարժեք Երևան-Մոսկվա տոմսի գումար։ Այսինքն, նույնն է, թե ուղևորները գնում են երկու նոր ավիատոմս՝ նույն ինքնաթիռով թռչելու իրավունք ստանալու համար, բայց դա պաշտոնապես անվանվում է ոչ թե նոր տոմս, այլ услуга «Регистрация опоздавшего пассажира» ուշացած ուղևորի գրանցման ծառայություն։ Բայց, ամենատարօրինակն այն է, որ աշխատակիցները ուղևորներին առաջարկում են վճարումը կատարել կանխիկ և ստանալով պատասխան, որ առկա չէ այդ չափի կանխիկ գումար՝ առաջարկում են հնարավորինս արագ գումարը փոխանցել ինչ-որ մեկի հաշվի համարին (ավիաընկերությունը հավաստիացնում է, որ իրենց աշխատակիցներից մեկի հաշվեհամարն է դա) և շտապել դեպի օդանավ։

Ուղևորները այդպես էլ անում են։ Սակայն, պարզվում է, որ շտապելու անհրաժեշտություն այդքան էլ չկա, քանի որ թռիչքը իրավմամբ հետաձգված է և այն տեղի է ունենալու երկու ժամ հետո։ Եվ այդ երկու ժամը սպասասրահում անցկացրած ուղևորների համար բավարար է լինում հանգիստ մտորելու և հասկանալու համար, որ իրենց հետ այնքան էլ արդար բան տեղի չի ունեցել։

Թեմայի հետ կապված «NarMedia»-ն հարցումներ է ուղարկել Ուրալյան ավիաընկերության գլխամասային գրասենյակ, «Զվարթնոց» օդանավակայան և ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն՝ կցելով հարցմանը ուղևոր Ա․Գասպարյան կողմից մեզ տրամադրած, նրա բանկային քարտից քաղվածք առ այն, որ նա սեպտեմբերի 26-ին 19:21 կատարել է փոխանցում ինչ-որ մեկի անձական հաշվեհամարին 130 000 դրամ և չի ստացել այդ գործարքը ապացուցող ոչ մի տեսակի փաստաթուղթ՝ թռիչքը սպասարկող աշխատակցից։

Ավելին, Երևանից Մոսկվա ուղևորվող Ուրալյան ավիաընկերության համար U62634 չվերթը իրոք հետաձգվել է և տեղի է ունեցել 20:52-ին, իսկ հաշվառումը փակվել է 20:16-ին։ Այս տեղեկությունը ապացուցում է նաև Ուրալյան ավիաընկերության քաղվածքը, որը նրանք ուղարկել են մեր հարցմանն ի պատասխան։

Այսինքն, ստացվում է, որ  ուղևորները հանգիս կարող էին անցնել հաշվառումը՝ առանց 130 000 դրամ վճարելու, քանի որ նրանք մոտեցել են հաշվառման 19:00 և ստիպված են եղել  կատարել վճարում մոտ քսան րոպե անց։

Ի՞նչպես  կարող ենք մեկնաբանել այս պատմությունը։ Թերևս միայն Նիկոլ Փաշինյանի լեզվով՝  կոռուպցիան հո պոզով պոչով չի՞ լինում։ Էսպես է լինում։

Ուրալյան Ավիաընկերության մամուլի ծառայությունը, մեր հարցմանն ի պատասխան, էլեկտրոնային նամակագրության մեջ նշում է, որ այս պատմության մեջ ամեն ինչ կարգին է, բացի մեկ փաստից՝ 130 000 դրամ գումարը ոմն մեկի անձնական հաշվեհամարին փոխանցելու իրողությունից։ Եվ դրան առընչվող ներքին հետաքննություն  իրականացվում է, հավաստիացնում է ավիաընկերությունը։ Սակայն անցել է ամս ու կես ժամանակ, բայց այդ հետաքննության ոչ մի կոնկրետ արդյունքի մասին ոչ ուղևորները, ոչ էլ մենք տեղեկացված չենք։ Բացի դա, ավիաընկերությունը չի մեկնաբանում այն հարցը, թե ի՞նչու են ուղևորին ստիպել կատարել վճարում, եթե հաշվառումը փակվել է է 20:16-ին և նրանք կարող էին հասցնել հաշվառվել։

Ինչպես արդեն նշվեց վերևում՝ թեմային առընչվող հարցում ուղարկվել է նաև ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն։ Նախարարությունը տեղեկացրել է, թե պատասխան կարող են տալ միայն «Զվարթնոցից» և Ուրալյան ավիաընկերությունից պարզաբանում ստանալուց հետո։ Անցել է երկու շաբաթ, սակայն մենք չենք ստացել ոչ մի մեկնաբանություն։

Նաիրա Բաղդասարյան