12
Январь

Դուք և ձեր «Իրական Հայաստանը»։

Share
0
Comment
102 views
10 sec
NarMedia

«Առնվազն վերջին երեսուն տարում մենք չենք ունեցել իրական Հայաստանի գաղափարախոսություն, չենք ունեցել ոչ խաղաղություն, ոչ բարեկեցություն, ոչ անվտանգություն, ոչ բարձր կենսամակարդակ՝ այսինքն ոչ մի բան, ոչինչ չենք ունեցել»,- աում է ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը  «Ընտանեկան պոդկասթ» կոչվող զրուցաշարում, որը իր տեսակով ընդամենը լսարանի ուղեղի լվացմանն ուղղված քարոզչական հերթական կոնտենտն է՝ Հայաստանում իշխող տանդեմի կողմից տարածվող։

Ի դեպ, չեմ զարմանա, որ այս միտքս կարդալուց հետո, տիկին Աննան ինձ տգետ որակի և հորդորի ունկընդիր լինելու իր հեղիանակած «կրթարշավին», որը, նույնպես, քարոզչական լայնամասշտաբ ծրագիր է և, թերևս առավել արդյունավետ, քան սոցցանցերի և մամուլի միջոցով շփումը լսարանի հետ, քանի որ՝

ա․ կենադի շփումը ցանկացած թեմատիկ հարթության մեջ ավելի մեծ ազդեցություն կարող է ունենալ հողորդակցվող կողմերի վրա։

բ․ «Կրթվելը նորաձև է» քարոզարշավի այդ հանդիպումներին ներկա քաղաքացիները, նախ իրենք են լիցքավորվում Աննա Հակոբյանի գաղափարներով, ապա իրենք իրենց մերձավորներին են լիցքավորում, մեձավորները մերձավորներին և այդպես շարունակ։ Շղթայական ռեակցիա։ Մոտեցման հիմքում աղանդավորության տարածման սկզբունքն է։

Եվ այսպես՝ ըստ իշխող տանդեմի, վերջին երեսուն տարում, ասել է թե անկախացումից ի վեր, Հայաստանի Հանրապետությունը չի ունեցել ոչինչ, այդ թվում «Իրական Հայաստանի» գաղափարախոսություն և Աննան ու Նիկոլը իրենց համար կայացրել են հստակ որոշում, որ իրենք են հենց այն պետական ու պատմական գործիչները, ովքեր պետք է ձևավորեն, միս ու արյուն տան այդ գաղափարախոսությանը՝ «Իրական Հայաստանի» գաղափարախոսությանը։

Թե ի՞նչ ի նկատի ունի իշխող տանդեմը «Իրական Հայաստան» ասելով, դժվար չէ հասկանալ։ Ըստ էության, «Իրական Հայաստանը», Նիկոլ Փաշինյանի երևակայության մեջ ապրող «Խաղաղության խաչմերուկին» կանգնած մի հողակտոր է, որի չափերին ու սահմաններին կարելի է ծանոթանալ՝ Նիկոլ Փաշինյանի ձեռքին թափահարվող թիթեղյա կտորին նայելով։ Ահա այդ թիթեղյա կտորը հենց այդ «Իրական Հայաստան» կոչվածն է, որի գաղափարախոսությունն է ձգտում նախանշել իշխող տանդեմը։

Աննա Հակոբյանի այն միտքը, թե  «․․․մենք չենք ունեցել ոչ խաղաղություն, ոչ բարեկեցություն, ոչ անվտանգություն, ոչ բարձր կենսամակարդակ՝ այսինքն ոչ մի բան, ոչինչ չենք ունեցել․․․», հուշում է այն մասին, որ «Իրական Հայաստանի» գաղափարախոսության հիմքում դրված են լինելու խաղաղություն, բարեկեցություն, անվտանգություն և բարեկցություն հասկացությունները։ Այսինքն, «Իրական Հայաստանի» գաղափարախոսությունը հիմնված է լինելու ոչ թե արժեքների, այլ՝ միայն հասկացությունների վրա։

Այն, որը Աննա Հակոբյանը, ՀՀ վարչապետի համաձայնության ներքո, Հայաստանի Հանրապետության անցնող երեսուն տարիները, լսարանի ընկալման մեջ, ներկայացնում է որպես բացարձակապես սնամեջ ժամանակահատված, որտեղ «գոյություն չի ունեցել ոչինչ», այն, որ ինքը՝ ՀՀ վարչապետը, պետական մակրադակով ժխտում է Արևմտյան Հայաստանը, Արարատ Լեռը, Հայոց Ցեղասպանությունը, խոսում է այն մասին, որ Հայաստանի իշխող տանդեմը որոշել է սաղմնավորել և, հաջող ընթացքի պարագայում, ծնունդ տալ մի նոր՝ անցյալ ու պատմական ընթացք չունեցած  երկրամասի գաղափարախոսության, որի անունն է «Իրական Հայաստան»։

«․․․Ոչ պետականության շրջանում արժեքներ չեն ստեղծվել։․․․Պետությունը ազգային ինքնությունը պահպանելու գործիքն է»,- ընտանեկան ասք ու խոսքի ընթացքում շարունակում է համոզմունք հայտնել Աննա Հակոբյանը։

Ստացվում է, Խորհրդային Հայաստանը, որը իր գոյության ընթացքում գրանցել, պահպանել ու գեներացրել է ահռելի գիտական, մշակութային և կրթական ազգային ներուժ, նույնպես, ժխտվում է, արժեզրկվում, տատասկապատ տարածքի վերածվում, որի ֆոնին Նիկոլն ու Աննան կփորձեն վեր հանել իրենց պատկերացրած «Իրական Հայաստանի» գաղափարը։    

«Եկեք մեր պատմության դասագրքերը կոչենք ոչ թե «Հայոց պատմություն», այլ «Հայաստանի պատմություն», — վերջերս հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։

Առաջարկը տրամաբանական է «Իրական Հայաստանի» գաղափարախոսության մեջ, քանի որ «Հայոց պատմություն» ենթադրում է Հայկական լեռնաշխարհի պատմության ուսումնասիրությունը՝ Մովսես Խորենացու «Հայոց պատմությունից» մինչև մեր օրեր, որտեղ ներառնված են այն բոլոր պատմական իրադարձությունները, դեմքերն ու դեպքերը, այդ թվում Արարատը, Արևմտյան Հայաստանը, Ցեղասպանությունն ու Արցախը, որոնք այսօր փորձում է մոռացության մատնել իշխող տանդեմը։ Իսկ ահա «Հայաստանի պատմության» դասագիրքը կսկսվի Նիկոլ Փաշինյանի երևակայության մեջ ապրող «Խաղաղության խաչմերուկին» կանգնած մի անանցյալ հողակտորի՝ «Իրական Հայաստանի» մասին ասքով։

Մի պահ պատկերացնենք, որ պատմության դասագրքերում արդեն «Իրական Հայաստանի» գաղափարխոսությունն է, որը քարոզում է, թե Արարատը այլևս թուրքական լեռ է և ոչ մի կապ չունի «Իրական Հայաստանի» հետ, Արցախը Ադրբեջանական տարածք է, որը այլևս ոչ մի կապ չունի «Իրական Հայաստանի» հետ, Արևմտյան Հայաստան տարածք, տերմին ու հասկացություն ընդանրապես չկա, Ցեղասպանությունը ինչ-որ պատմական դրվագ է, որը տեղի է ունեցել Թուրքիայում ( ոչ թե Արևմտյան Հայաստանի պատմական տարածքում) ապրող հայերի հետ անցյալ դարասկզբին՝ եղել, անցել-գնացել է։

Այս պարագայում, անհրաժեշտ կլինի փոխել նաև հայ գրականության, երաժշտության, կինոյի, գեղանկարչության և ընդանուր առմամաբ հայոց մշակույթի պատմությանն առընչվող ձեռնարկների բովանդակությունը, քանի որ հայոց ազգային ինքնության համար կարևորագույն նշանակություն ունեցող այդ պատմական իրողությունները՝ ներշչանքի աղբյուր են հանդիսացել ու հանդիսանում հայկական գենետիկ կոդ կրող ստեղծագործողների համար։ Քանզի, Արարատը, Արևմտյան Հայաստանը, Ցեղասպանության ճանաչումն ու Արցախը՝ հայոց ազգային գաղափարաբանության կոնտեքստում քաղաքական կատեգորիաներից դուրս են։    

Իսկ ո՞րն է «ոչ իրական Հայաստանի» կամ «առանց կադաստրի վկայականի» Հայաստանի, իսկ գիտակից հանրության լեզվով ասած՝ նորանկախ Հայաստանի Հանրապետության ամենամեծ ձեռքբերումը, արժեքը, ժառանգությունը, որը փորձում է փոշիացնել ներկայիս իշխող վարչախումբը։ Դա Հաղթանակն է։

Երկար դարեր ի վեր զրկանքների ու կորուստների քառուղիներով անցած, բայց Արցախյան գոյամարտում իր լավագույն որդիների արյունով նվաճած հայ ժողովրդի ամենանվիրական արժեքը անկախ Հայաստանում՝ Արցախյան Հաղթանակն է։ Հաղթանակ, որի գոյությունը «ոչինչ» է իշխող տանդեմի համար, քանզի նրանք, գործնականում ի չիք դարձրեցին այն։ Բայց՝ միայն գործնականում։ Տեսականում սակայն, հայ ազգի, հայոց էթնոսի արժեքային համակարգի հիմքում այդ Հաղթանակը անջնջելիորեն ապրելու է հավերժ՝ չնայած հաջորդած պատերազմի ցավալի պարտությանը։ Եվ այդ Հաղթանակը վերանվաճելու ձգտումը ժամանակի ընթացքում դառնալու է այն ազգային երազանքն ու մեր էթնոսի այն կարևորագույն այրունատար անոթը, որը կենսունակ է պահելու հայ ազգի հարատևությունը։ Եվ այդ Հաղթանակի արժեքն է նաև, որ պետք է դրված լինի ազգային գաղափարախոսության հիմքում, որի կրողն է լինելու ոչ միայն Հայաստանի Հանրապետության տարածքում ապրող հայ ժողովրդը, այլ նաև աշխարհասփյուռ հայությունը։

Բայց, քանի որ Հայոց Սփյուռքը Նիկոլ Փաշինյանի համար վտանգավոր, հետևաբար կազմաքանդման արժանի ուժ է (այդ մասին նա պարզ ասում է 2023 թվականի հոկտեմբերի 4-ի հարց ու պատասխանի ժամանակ՝ դիմելով ՀՀԴ ներկայացուցչին․ «․․․այն ինչ տեղի ունեցավ ձեր ծրագրերի մեջ էր մտնում։ Ձեր պլանն էն էր, որ Հայաստանն կներքաշվի պատերազմի մեջ, որի արդյունքում Լեռնային Ղարաբաղի մեր հայրենակիցները՝ բռնի տեղահանվելուց Երևան գալու հնարավորության չեն ունենա, այլ կգնան Բոստոն, կգնան Փարիզ, կգնան Լոս Անջելես՝ ուժեղացնելու Հայ Հեղափոխական Դաշնակցության նոսրացող և զրոյացող շարքերը»), իսկ Արցախյան առաջին գոյամարտի Հաղթանակն էլ այլևս նրա մղձավանջն է, ապա «Ընտանեկան պոդկասթ»-ի շրջանակներում դեռ բազմիցս ենք լսելու միտքը, որ «առնվազն վերջին երեսուն տարում մենք չենք ունեցել ոչինչ»։    

Նաիրա Բաղդասարյան