18
Январь

Պայքար «Հիբրիդային պատերզմի» դեմ՝ ձվածեղով։

Share
0
Comment
90 views
6 sec
NarMedia

Արցախյան վերջին պատերազմից հետո, 2021 թվականի օգոստոսին,  ՀՀ ՊՆ մամուլի նախկին խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը հաղորդումների շարք էր սկսել և վստահեցնում էր, որ որոշել է հանդես գալ նման նախագծով, քանզի պատերազմից հետո իր և իր ընտանիքի նկատմամբ սկսվել է մեդիատեռոր, ասել է թե՝ մեդիաահաբեկչություն:

Ես այդ թեմայով «Ճշմարտությունը պատերազմի առաջին զոհն է» վերնագրով հոդված հրապարակեցի «Առավոտ»-ում, բացատրելով, որ հիասթափության և ցասումի ալիքը, որը բարձրացավ հայկական լսարանի մոտ Արծրուն Հովհաննիսյանի նկատմամբ և, որը սասանեց վերջինիս խոսքի նկատմամբ եղած անսահման վստահությունը, ոչ մի կերպ մեդիաահաբեկչություն չի կարելի համարել, քանի որ մեդիաահաբեկչություն տերմինը մասնագիտական գրականության մեջ կիրառվող հասկացություն է, որը ենթադրում է մշակված և նպատակաուղղված տեղեկատվական-քարոզչական քաղաքականություն, որը սովորաբար, որդեգրում են ահաբեկչական խմբավորումները՝ պետությունների և հասարակությունների նկատմամբ։ 

Հիմա, թերևս անդրադառնամ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի սիրած՝ Հիբրիդային պատերազմ հասկացությանը, քանի որ, վերջին՝ «Ընտանեկան պոդքասթ» կոչվող տեսաշարում, Ն․ Փաշինյանը հայտերարեց, թե իրենց կառավարության և անձամբ ՀՀ վարչապետի ու նրա տիկնոջ գործունեության դեմ հիբրիդային պատերազմ է հայտարարված՝ ընդիմադիր տրամադրություն ունեցող հայ հանրության կողմից։  

«․․․Ես հիբրիդային պատերազմի գործիք եմ համարում, երբ որ փորձ է արվում ամեն ինչ անել, որ Կառավարությունը, իշխանությունը ժողովրդի հետ չշփվի, չխոսի, չլինի ուղղակի, այլ փակվի, անընդհատ սպառնալիքի տրամաբանության մեջ փակվի, փակվի, փակվի և ինքն իրա մեջ կծկվի, մեծ հաշվով հետ պտտվի բացության էդ ամբողջ տրամաբանությունից»,- ասում է Նիկոլ Փաշինյանը։  

Նախ, եթե ասվածը ճիշտ ենք ընկալում, ապա ստացվում է, որ Նիկոլ Փաշինյանի որդեգրած «թափանցիկության քաղաքականությունը» (եփել ու թափել, կեր ու խում, հեծանիվ -մեծանիվ քշել) նախ ուղղված է այն նպատակին, որպեսզի հայ հասարակությունը ռելաքսիացիայի տրվի, թուլանա և վերանա այն իրականությունից, որտեղ առայժմ առկա է պատերազմի արհավիքի սպառնալիքը։

Այսինքն, պարզ լեզվով ասած, այդ  քաղաքականությունը քարոզչություն է այն մասին, թե՝  «ժողովուրդ, վախենալու բան չկա, սպառնալիք չկա, ձեր բան ու գործին մնացեք, տեսեք՝ մենք էլ մեր առօրյա հաց ու կացին ենք։ Ի՞նչ սպառնացող պատերազմ, ի՞նչ Ալիև, ի՞նչ բան։ Այդ ամենը ընդիմության ֆանտազիայաների, վախերի և մեր դեմ տարվող «Հիբրիդային պատերազմի» արդյունք է»։

Այսինքն, այս պարագայում ակընհայտ է «Հաղթելու ենք» քարոզչական մոդելը, քանի որ հասարակությունը չի տեղեկացվում ու չի նախապատրաստվում ապագայի իրողությունների հետ հաշվի նստելուն։ Եվ, թերևս դա է պատճառը, որ, երբ Ալիևի վերջին հայտարարություններին հետևեցին պատերազմ ահազանգող կանխատեսումներ հայ գործիչների կողմից, այդ հայտարարությունների հեղինակները Աննա Հակոբյանի կողմից որակվեցին վախկոտ և տգետ։

Իսկ ի՞նչ ասել է Հիբրիդային պատերազմ։ Առաջին անգամ այդ տերմինը օգտագործվել է ամերիկացի ռազմական հրապարակախոսներ Ջեյմս Մետտիսի և Ֆրենկ Հոֆմանի կողմից՝ «Ապագայի պատերազմը՝ հիբրիդային պատերազմների ծագումը» հեդվածում 2005 թվին։

Ինչպես հայտնի է, մեր դարաշրջանում պետությունների միջև ծավալված պատերազմները չեն ընթանում միայն դասական պատերազմական կանոններին հավատարիմ՝ այսինքն մարտի դաշտում։ Դրանք ուղեկցվում են հակառակորդ պետության նկատմամաբ տեղեկատվական, տնտեսական, ֆինանսական, իրավական, մշակութային ճնշումների գործիքակազմով (օրինակ Ռուսաստանի նկատմամբ կիրառվող տնտեսական սահմանափակումները Արևմուտքի կողմից), որոնց ամբողջությունն էլ հենց անվանում են Հիբրիդային պատերազմ։ Այսինքն տվյալ հասկացությունը ունի առավել լուրջ և ընդգրկուն նշանակություն, քան այն, երբ, օրինակ, խոսվում է, թե ի՞նչու է Նիկոլ Փաշինյանը անհոգ հեծանիվ վարում կամ նախաճաշ պատրաստում, երբ իր ղեկավարած երկիրը առավել լուրջ մարտահրավերների առջև է կանգնած։

Ահա, թե ինչու հայ հասարակության մի մասի այսօրվա տրամադրությունները  «Հիբրիդային պատերազմ» որակել ոչ մի կերպ չի կարելի։ Քննադատություն՝ այո, բանավեճ՝ այո, թեժ բանավեճ՝ այո, բարոյականության նորմերը հաճախ հաշվի չառնող լեզվակռիվ՝ այո, իշխանության գործելաոճին ու նրա անդամների պահվածքին ուղղված դժգոհություն՝ այո, բայց ոչ «Հիբրիդային պատերազմ»։

Իսկ, թե ի՞նչու է վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ով վստահ եմ լավ գիտի այդ տերմինի իրական նշանակությունը, նախընտրում ներքին լսարանին ուղղված իր խոսքում օգտագործել հենց նման տերմին՝ այդպիսով ներհասարակակական պատերազմական տրամադրություններ խմորելով, դա արդեն մտածելու տեղիք է տալիս։  

Նաիրա Բաղդասարյան